Ռուսաստանը չի խաղա Փաշինյանի խաղը. Դմիտրի Տրենին
13 Հուլիսի 2026, 22:10
Միջազգային հարցերով ռուսական խորհրդի նախագահ Դմիտրի Տրենինը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Թուրքիայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները, Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի և Եվրոպայի մոտեցումները, Մոսկվայի և ՆԱՏՕ-ի երկրների միջև ուղիղ բախման հավանականությունը, ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության նոր սրումը, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամն ու Մոսկվայի արձագանքը Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը։
«Եվրոպացիներն իրական պատերազմի են տանում ՝ նույնիսկ չգիտակցելով դա։ Նրանք համոզված են, որ Ռուսաստանը կգործի ծայրահեղ զգուշավոր, ուստի իրենց ամեն ինչ թույլ են տալիս՝ նրան համարելով բացարձակ չարիքի աղբյուր։ Այսօր նրանք կրակի մեջ են նետում ուկրաինացիներին, վաղը կարող են ներքաշել նաև ուրիշներին։ Ընդ որում, վստահ են, որ Ռուսաստանը երբեք միջուկային զենք չի կիրառի. իբր Չինաստանը թույլ չի տա։ Բայց Ռուսաստանն ինքնիշխան է, և նրան ոչ ոք չի կարող թելադրել։ Մենք արդեն գիտակցում ենք ՆԱՏՕ-ի հետ պատերազմի բարձր հավանականությունը, և հույս ունենալ, թե Ռուսաստանը չի օգտագործի միջուկային զենք ռազմավարական պարտության սպառնալիքի դեպքում, խելագարություն է։ Այդ գործիքը գոյություն ունի և պետք է մնա սեղանին»,- հայտարարել է Տրենինը։
Ինչ վերաբերում է Մերձավոր Արևելքում հակամարտության նոր սրմանը, ապա, փորձագետի կարծիքով, ԱՄՆ-ին չի հաջողվի հասնել Իրանի հետ դիմակայությունում իր առաջադրած նպատակներին, իսկ հետագա կարգավորումը հնարավոր է միայն՝ հաշվի առնելով տարածաշրջանում Թեհրանի նոր դերը։
«Ամերիկացիները չեն կարողանա հասնել իրենց նպատակներին. նրանց ծրագիրն ի սկզբանե անիրատեսական էր և հիմնված էր Իրանի մասին սխալ պատկերացման վրա։ ԱՄՆ-ն հայտնվել է այնպիսի հակամարտության մեջ, որից դժվար է դուրս գալ՝ առանց Իրանի հաղթանակը ճանաչելու։
Չնայած կորուստներին՝ Իրանը հետ է մղել ագրեսիան և ավելի բարձր դիրք է գրավել տարածաշրջանում՝ առաջին անգամ վերահսկելով Հորմուզի նեղուցը։ Թրամփը փորձում է հասնել գոնե խորհրդանշական զիջումների, սակայն իրանցիները կոշտ դիրքորոշում ունեն և չեն պատրաստվում խաղալ նրա կանոններով։ Ցանկացած համաձայնություն հնարավոր է միայն հաշվի առնելով Իրանի նոր դերը՝ որպես տարածաշրջանային առաջատար տերություն»,- նշել է Տրենինը։
Ինչ վերաբերում է Մոսկվայի և Երևանի հարաբերություններին, ապա, ըստ փորձագետի, դրանք մտել են սառեցման փուլ, իսկ իրավիճակի հետագա զարգացումը կախված կլինի հայկական ղեկավարության արտաքին քաղաքական ընտրությունից։
«Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները ճգնաժամի մեջ են, և այն հնարավոր չէ հարթել. Մոսկվան և Փաշինյանի կառավարությունը տարաձայնություններ ունեն հիմնարար հարցերի շուրջ։ Ռուսաստանի համար անընդունելի է Հայաստանի շարժումը դեպի ԵՄ, իսկ Երևանի պատասխանը հնչում է այսպես՝ «մենք գնում ենք այնտեղ, բայց առայժմ օգտագործում ենք ԵԱՏՄ առավելությունները»։
Ռուսաստանը չի խաղա Փաշինյանի խաղը և չի պահպանի հարաբերությունների նախկին մակարդակը, թեև կտրուկ քայլեր նույնպես չի անի։ Ընդհանուր առմամբ, հարաբերությունները կսառչեն, իսկ Եվրոպան կփորձի դրանք վերածել հակամարտության։ Եթե Գյումրու ռազմաբազայի շուրջ լարվածությունը սկսի աճել, դա կհանգեցնի լուրջ հակասությունների։ Ռուսաստանի համար սա ցավալի է, քանի որ ավանդաբար Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը եղել է առավել դրական։ Միակ հույսն այն է, որ ժամանակի ընթացքում հայ հասարակությունը կվերանայի տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ իր մոտեցումները»,- եզրափակել է Տրենինը։