Բոլորս մնացել ենք առանց աշխատանքի․ «Մուլտի Տաբակ»-ի աշխատակից

14 Հուլիսի 2026, 13:48

Քաղաքականություն

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում գործող «Մուլտի Տաբակ» գործարանի դիմաց աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում։ Արդեն 9-րդ օրն է, ինչ արտադրամասը կապարակնքված է, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ զրկվել են աշխատանքից:

Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում դատապարտել է կառավարության գործելաոճը: Նրա խոսքով՝ իրավապահները կարող էին ստուգումներ իրականացնել առանց արտադրությունը կանգնեցնելու, որպեսզի հարյուրավոր ընտանիքներ չտուժեին:

«Մենք բոլորս մնացել ենք առանց աշխատանքի, բայց ստեղծված իրավիճակում նահանջելու միտք չունենք: Կառավարությունն անօրինական կերպով կապարակնքել է մեր գործարանը, արդեն 9-րդ օրն է: Ես 4 տարի է՝ այստեղ եմ աշխատում, բացման օրվանից, ու իմ գործից շատ գոհ եմ. սրանով իմ ընտանիքն ու երեխաներին եմ պահում: Այսօր ինչո՞ւ պիտի իմ կոլեկտիվի հետ դրսում մնամ»,- նշել է նա։