ՄԱԿ-ի ԱԽ նիստում Հայաստանը չհասավ իր նպատակներին. միջազգայնագետ
17 Օգոստոսի 2023, 14:25
Միջազգայնագետ, «ԱՊՐԻ Արմենիա» հետազոտական կենտրոնի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը կարծում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Հայաստանը չհասավ այն նպատակներին, որը կար իր օրակարգում՝ մինչեւ ՄԱԿ-ի ԱԽ դիմելը:
«Այն է՝ դատապարտել Ադրբեջանի քաղաքականությունը Արցախի նկատմամբ, ստիպել Ադրբեջանին կատարել 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները եւ բացել Լաչինի միջանցքը, համագործակցել միջազգային կառույցների հետ, խոսքն առաջին հերթին Կարմիր խաչի մասին է, եւ Արցախ ուղարկել անկախ պատվիրակություն, որն իր գնահատականը կտա Արցախում ստեղծված իրավիճակին»,- Alpha News-ի հետ զրույցում Հայաստանի նպատակները թվարկեց Սերգեյ Մելքոնյանը:
Նրա գնահատմամբ՝ Հայաստանը բավարար չափով աշխատանք չէր կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների հետ, հետեւաբար, որոշ երկրների հայտարարություններ հայանպաստ չէին:
Սերգեյ Մելքոնյանն առանձնացրեց Բրազիլիայի պատվիրակության ներկայացուցչի ելույթը, որը Ստեփանակերտն անվանեց Խանքենդի եւ խոսեց Աղդամի ճանապարհը շահագործելու մասին:
Ուշագրավ է, սակայն, որ մինչեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը՝ Հայաստանի արտգործնախարարը հեռախոսազրույց էր ունեցել Բրազիլիայի իր պաշտոնակցի հետ:
Սերգեյ Մելքոնյանը չի ակնկալում, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն, այսօրվա պայմաններում, հնարավոր է Արցախի հարցով բանաձեւ ընդունի, քանի որ այն կարող է Հայաստանի շահերից չբխել:
«Որոշ պետություններ կպնդեն, որ այդ բանաձեւում նշվի Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս, ինչը չի բխում ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Արցախի շահերից: Իսկ եթե այդպիսի շեշտադրումներ չլինեն, ապա որեւէ բանաձեւ ընդունել այս պայմաններում գրեթե անհնար է: Եթե այդ բանաձեւում պատժամիջոցների մասին նշվի, ապա այն կաշխատի, եթե, իհարկե, կոմպրոմիս լինի, բայց այսօր տեսնում ենք, որ մեծ տերությունները պատրաստ չեն միակողմանի պատժամիջոց կիրառել Ադրբեջանի դեմ»,- ընդգծեց միջազգայնագետը:
Հիշեցնենք՝ նախօրեին Հայաստանի պահանջով տեղի ունեցավ Արցախի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, որը տեւեց շուրջ երկու ժամ: Առայժմ հայտնի չէ՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն բանաձեւ կընդունի՞, թե մամուլի համար հարղորդագրություն կտարածի:
Մանրամասները՝ տեսանյութում: