Նավասարդյան խաղերը պարզապես մրցաշար չեն, այլ ազգային արմատներին վերադառնալու առիթ․ Թալին Ափանյան

14 Հուլիսի 2026, 23:15

Սպորտ

Հոմենեթմենի Միացյալ Նահանգների Արևմտյան շրջանի նախաձեռնությամբ՝ ԱՄՆ Անկախության օրվա տոնական օրերին (հուլիսի 2-5-ը), Վենիսի Birmingham Community Charter High School-ի ավագ դպրոցի մարզադաշտերն ու սրահները վերածվել էին հայկական սպորտի և մշակույթի կենտրոնի։ Նավասարդյան 49-րդ խաղերն ու ավանդական փառատոնը հերթական անգամ ընդգծեցին Սփյուռքում հայապահպանության և համայնքային կյանքի կարևորությունը՝ չորս օրվա ընթացքում հյուրընկալելով ավելի քան 35 000 այցելուի։

Նավասարդյան խաղերի հաղորդավար Թալին Ափանյանը «Alpha News»-ի տաղավարում նշել է, որ ավելի քան 40 տարվա պատմություն ունեցող այս խաղերը, որոնք սկիզբ են առել դեռևս 1975 թվականին Արևելյան Լոս Անջելեսում, այսօր դարձել են Հայաստանի սահմաններից դուրս անցկացվող ամենախոշոր հայկական մարզամշակութային իրադարձություններից մեկը։ Համայնքի ներկայացուցիչները շեշտում են, որ սա պարզապես մրցաշար չէ, այլ ազգային արմատներին վերադառնալու յուրահատուկ առիթ։

«Այս տոնը, որը կայանում է հուլիսին, մեր հայկական ավանդական Նավասարդն է, որն, ըստ էության, մեր ազգային Նոր տարին։ Նույն իմաստով էլ Հոմենեթմենն արդեն 49-րդ անգամ կազմակերպում է Նավասարդյան մարզախաղերն ու փառատոնը, որտեղ 4-5 օրվա ընթացքում հավաքվում է ամբողջ համայնքը, համախմբվում են երիտասարդները, և բոլորս ապրում ենք հայաշունչ մթնոլորտում»,- ընդգծել է Ափանյանը։