Փաշինյանը Հայաստանը տանում է դեպի աշխարհաքաղաքական շրջադարձ․ Զատուլին

02 Նոյեմբերի 2026, 20:28

Քաղաքականություն

Հոկտեմբերի 30-ին ԱՊՀ երկրների ինստիտուտում տեղի է ունեցել «Ռուս-հայկական հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները» խորագրով միջազգային կլոր սեղան։ Միջոցառմանը տեսակապի միջոցով ելույթ է ունեցել ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, որի մուտքը Հայաստան 2022 թվականից արգելված է։

Նրա խոսքով՝այդ արգելքի փաստն ինքնին հստակ արտացոլում է ներկայիս հայկական ռեժիմի էությունը։

Զատուլինը հայտարարել է, որ այսօր թե՛ ռուսական փորձագիտական շրջանակներում, թե՛ պաշտոնական մակարդակում լիակատար հստակություն կա այն հարցում, որ Երևանը գիտակցված կերպով շարժվում է դեպի Մոսկվայի հակառակորդների ճամբար։

Այդ քաղաքական կուրսի ողջ պատասխանատվությունը, նրա համոզմամբ, ամբողջությամբ կրում է Նիկոլ Փաշինյանը, որն իր քաղաքական ողջ գործունեությունը կառուցել է Ռուսաստանի հետ կապերի խզման և Հայաստանի պատմական անցյալի ուրացման վրա։

Միևնույն ժամանակ, Հայաստանի իշխանությունները փորձում են շարունակել օգտվել Ռուսաստանի և ԵԱՏՄ դաշնակիցների հետ ունեցած արտոնյալ տնտեսական հարաբերություններից՝ այդ հարաբերությունների ընձեռած հնարավորությունների հաշվին ֆինանսավորելով իրենց աշխարհաքաղաքական շրջադարձը։

Քաղաքական գործիչն ընդգծել է, որ այս գործընթացը պաշտոնական հանդիպումներով քողարկելու փորձերն այլևս արդյունք չեն տալիս, և ռազմական գործողությունների պայմաններում հարաբերությունների «ոչ դաշնակցային» բնույթի մասին հայտարարություններն այլևս անընդունելի են։

Միևնույն ժամանակ, Զատուլինը կարևորել է Հայաստանի իշխանությունների և հայ ժողովրդի միջև հստակ տարանջատում դնելու անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ ռուսական կողմի գլխավոր խնդիրն է թույլ չտալ, որ Փաշինյանի քայլերը հանգեցնեն երկու ժողովուրդների միջև դարավոր կապերի խզմանը։ Այդ նպատակով Մոսկվան շարունակելու է զարգացնել երկխոսությունը հայ հասարակության և Սփյուռքի հետ։

Հիմա եթերում