Ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ազատ խոսքի համար մարդուն բանտ են տանում․ Արման Աբովյան

15 Հուլիսի 2026, 12:25

Քաղաքականություն

Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունն իր մեջ պարունակում է ավտորիտարիզմի բոլոր տարրերը։ Այս մասին «Հայաստանը ավտորիտարիզմի ճանապարհին» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասել է քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։

Նրա խոսքով՝ երկրում ձևավորվում է ավտորիտար կառավարման համակարգ։

«Նախ պետք է հասկանալ, թե ինչ ենք հասկանում ավտորիտարիզմ ասելով։ Դրա վառ օրինակներից մեկը Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունն է։ Այն իր մեջ պարունակում է ավտորիտարիզմի բոլոր տարրերը։ Ավտորիտարիզմ ասելով՝ մենք նկատի ունենք մի իրավիճակ, երբ մարդը սահմանափակվում է իր կարծիքն արտահայտելու հարցում։ Դա վերաբերում է թե՛ սոցցանցերում լայք դնելուն, թե ուղղակի ազատ խոսքին, որի պատճառով մարդուն տանում են բանտ»,- նշել է նա։

Արման Աբովյանի խոսքով՝ տարբեր երկրներում ավտորիտարիզմի և ֆաշիզմի դրսևորումները հաճախ սկսվում են նմանատիպ գործընթացներով։

«Սկզբում մարդիկ գայթակղվում են, սիրահարվում են, հետո դրան զուգահեռ ուժեղանում են ճնշումները։ Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ երկրի նկատմամբ վտանգների մասին խոսելու համար կարող ես ենթարկվել կտտանքների»,- ընդգծել է նա։