Ժողովրդավարության երեք հիմնասյուներն էլ Հայաստանում տապալված են․ Տաթևիկ Սողոյան

15 Հուլիսի 2026, 12:39

Քաղաքականություն

Հայաստանը շեղվել է ժողովրդավարական ուղուց և կրկնում է նախկինում քննադատված բոլոր արատավոր երևույթները՝ ընտրակեղծիքներից մինչև դատական համակարգի ճնշումներ և մարդու իրավունքների ոտնահարում: Այս մասին «Հայաստանը ավտորիտարիզմի ճանապարհին» թեմայով պանելային քննարկման ժամանակ հայտարարել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։

Նրա խոսքով՝ ժողովրդավարությունը գնահատվում է երեք հիմնական չափանիշով՝ մարդու իրավունքների հարգում, իշխանությունների տարանջատում և հակակշռում, ինչպես նաև ազատ ու արդար ընտրական գործընթացներ։ Սողոյանի գնահատմամբ՝ Հայաստանում այս երեք հիմնասյուներն էլ տապալված են։

«Մոտ երեք տարի առաջ իշխող կուսակցության պատգամավորներից մեկին հարցրեցի՝ կարո՞ղ եք նշել նախկինների արած գեթ մեկ վատ երևույթ, որը չի արել «Քաղաքացիական պայմանագիրը»։ Նա պատասխանեց՝ «մենք ընտրություն չենք կեղծել»։ Իրենց ներքին շրջանակներում, երբ փորձում են որևէ ապօրինություն արդարացնել, այդ սրտահովանքն ունեն։ Սակայն վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ դա նույնպես տեղի ունեցավ։

Բացահայտ կեղծիք տեղի ունեցավ մարդկանց աչքի առաջ։ Մոտ 60 հազար ձայն ինչ-որ աճպարարության արդյունքում անհետացավ, և պարզվեց, որ դրանք այնպիսի մարդկանց ձայներ էին, որոնց կարծիքն այնքան էլ կարևոր չէր։ Սահմանադրական դատարանն էլ մոնումենտալ դիրքորոշում հայտնեց, թե իբր այդ ձայները հաշվելով կխոչընդոտեն մնացած 1.4 միլիոն ընտրողների կամարտահայտությանը։ Ինչպե՞ս է տուժում այլ քաղաքացիների կամարտահայտությունը, երբ դու փաստացի ոչնչացնում ես 60,000 քղաքացու քվեն»,- նշել է Սողոյանը։