Հորմուզի նեղուցը դարձել է պատերազմի նոր էպիկենտրոնը. Արամ Շահնազարյան

15 Հուլիսի 2026, 20:10

Քաղաքականություն

Հորմուզի նեղուցում զարգացող իրադարձությունները փաստում են բանակցային գործընթացի ձախողման ու պատերազմի նոր փուլի մեկնարկի մասին։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է սփյուռքահայ գործիչ, «Ալիք» օրաթերթի նախկին գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը:

«Արդեն ակնհայտ է, որ նախկին բանակցային գործընթացը փաստացի դադարել է, իսկ ռազմական գործողությունները տեղափոխվել են նոր փուլ։ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը կարելի է բնութագրել որպես «Հորմուզի ճակատամարտի» սկիզբ։ Հիմա Իրանը փորձում է պահպանել իր դիրքերը, ռազմավարական առավելությունն ու Հորմուզի նեղուցի նկատմամբ ամբողջական վերահսկողությունը, մինչդեռ ԱՄՆ-ը ձգտում է փոխել խաղի կանոններն ու ընթացքը»,- ասել է Շահնազարայնը:

Նրա խոսքով՝ բանակցությունների այն պայմանները, որոնց շուրջ պետք է ընթանար գործընթացը, ձեռնտու չէին Միացյալ Նահանգներին և հատկապես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Ըստ Շահնազարյանի ՝ միջազգային, այդ թվում՝ արևմտյան և ամերիկացի մի շարք փորձագետներ ևս պնդում էին, որ նման բանակցությունները ՄիացյալՆահանգների համար կապիտուլյացիայի տպավորություն էին ստեղծում, քանի որ Վաշինգտոնը համաձայնել էր քննարկումներ սկսել Իրանի առաջարկած պայմանների շուրջ։

«Ես կասկած չունեի, որ հաշվի առնելով Միացյալ Նահանգների վարչակազմի դիրքորոշումն ու Թրամփի գործելաոճը, նրանք ինչ-որ պահի խախտելու էին այս բանակցային գործընթացը»,- ասել է Շահնազարյանը։