Անելանելի վիճակում ենք հայտնվել․ «Մուլտի Սթոուն»-ի աշխատակիցները շարունակում են բողոքի ակցիան

«Ոչ մեկը չկա, որ մեր հարցերին պատասխանի, լուծում առաջարկի։ Եթե փակում են գործարանը, թող ասեն՝ իմանանք, գնանք ուրիշ գործ ման գանք»,- «Մուլտի սթոուն» քարի արտադրության գործարանի մոտ ընթացող ակցիայի ժամանակ ասել է աշխատակիցներից մեկը։

Նրա խոսքով՝ կոմունալների, վարկերի վճարման ժամանակն է, սակայն աշխատակիցները դեռ աշխատավարձ չեն ստացել։

«Բոլորս անելանելի վիճակում ենք հայտնվել։ Այսօր արդեն ամսի 17-ն է, կոմունալների վճարման ժամանակն է, վարկերը՝ մի կողմից, տան վարձերը՝ մյուս կողմից։ Ես ինքս հաշմանդամ մայր ունեմ, մյուսներն էլ իրենց խնդիրներն ունեն։ Մենք վաղուց պետք է մեր աշխատավարձերը ստանայինք, բայց մինչև հիմա անորոշության մեջ ենք։ Ոչ մեկ չկա, որ մեր հարցերին պատասխանի, լուծում տա։ Եթե փակում են, թող ասեն՝ իմանանք, գնանք ուրիշ գործ ման գանք։ Եթե չեն փակում, գոնե կոնկրետ օր ասեն, որ հույս ունենանք»,- նշել է նա։