Եթե ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցնի առևտուրը, բոլորս խնդիրների առաջ կկանգնենք․ Տիգրան Քոչարյան

Կառավարությունն այսօր փորձում է ժողովրդին խաբել՝ 44-օրյա պատերազմի տրամաբանությամբ և քարոզչությամբ։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է Alpha News-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանն՝ անդրադառնալով հայ-ռուսական լարվածության հետևանքով հայկական շուկայում առաջացած կոլապսին։

«Հայաստանից Ռուսաստան հիմնականում արտահանվում էր պանրի տեսականի։ Բայց Եվրոպայի ինչին է պետք հայկական պանիրը, երբ կա ֆրանսիականը, իտալականը կամ շվեյցարականը։ Կամ ասում էին, թե ձուկը կարտահանենք Եվրոպա։ Ի՞նչ մրցունակություն կարող է ունենալ հայկական ձուկը, երբ շուկայում կա նորվեգականը, և եվրոպացի սպառողը սովոր է հենց դրան։ Այլ կերպ ասած՝ կառավարությունը փորձում է հատվածաբար խաբել 44-օրյա պատերազմի տրամաբանությամբ և քարոզչությամբ։

Այս ամենին միացել է նաև Ֆրանսիայի դեսպանատունը՝ հայտարարելով, թե հայկական ծիրանը վաճառվում է Փարիզի խանութներում։ Բայց բոլորս էլ պատկերացնում ենք, որ դրանք խոշոր սուպերմարկետներ չեն, և լավագույն դեպքում այնտեղ կվաճառվի ընդամենը 10-20 կիլոգրամ ծիրան», — նշել է Քոչարյանը։

Շարունակելով զուգահեռներ անցկացնել 2020 թվականի պատերազմի օրերի տեղեկատվական քաղաքականության հետ՝ նա նշել է, որ իշխանություններին որոշ ժամանակ կհաջողվի ժողովրդից թաքցնել տնտեսությունում առկա աղետալի իրավիճակը, սակայն վաղ թե ուշ իրականությունը բացահայտվելու է։

«Ռուսաստանի Դաշնությունն առայժմ սահմանափակումներ է կիրառել միայն որոշ ապրանքատեսակների նկատմամբ։ Բայց եթե ամբողջությամբ դադարեցնի առևտուրը, լուրջ խնդիրների առաջ կկանգնեն ոչ միայն արտադրողները, այլև բոլորս», — ընդգծել է Տիգրան Քոչարյանը։