Ռուսաստանը Հայաստանի զարգացման խոչընդոտը չէ․ Իվան Տիմոֆեև

Ռուսաստանի միջազգային հարցերով խորհրդի գլխավոր տնօրեն Իվան Տիմոֆեևը Alpha News-ին տված հարցազրույցում անդրադարձել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպման արդյունքներին, Մոսկվայի հարաբերություններին ԱՄՆ-ի և Եվրամիության հետ, ՌԴ-ի և Արևմուտքի միջև ուղիղ առճակատման հավանականությանը, ԱՄՆ-Իրան հակամարտությանը, ինչպես նաև Մոսկվայի և Եվրոպայի դիմակայության ազդեցությանը հետխորհրդային տարածքի և հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամի վրա։

Փորձագետի խոսքով՝ Ռուսաստանը խոչընդոտ չէ Հայաստանի զարգացման համար, սակայն չի կարող հրաշք գործել և պատասխանատվություն կրել երկրի ճակատագրի համար։

«Հայաստանն ինքնիշխան պետություն է և ինքն է որոշում իր ապագան։ Մենք կարող ենք ինչ-որ հարցերում օգնել, աջակցել, բայց կարևոր է հասկանալ, թե զարգացման ինչ մոդել է դիտարկվում և ուր պետք է այն տանի։ Եթե խոսենք ՀՀ-ի անվտանգության և զարգացման մոդելի մասին, ապա առաջանում է պարզ հարց՝ եթե Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելուց հետո միանգամից հնարավոր լիներ ստանալ անվտանգություն, ներդրումներ, տնտեսական զարգացում և բարեկեցություն, ապա այդ ճանապարհը վաղուց ընտրված կլիներ։ Բայց նման բան չկա։

Ռուսաստանը ՀՀ-ի զարգացման խոչընդոտը չէ։ Խնդիրն ավելի շատ այն է, որ ՌԴ-ն չի կարող հրաշք գործել և իր վրա վերցնել Հայաստանի ճակատագրի պատասխանատվությունը։ Այդպիսի ակնկալիքները պատրանք են։ Միևնույն ժամանակ, վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ նույնիսկ անվտանգության ոլորտում կան հնարավորությունների որոշակի սահմաններ և մեր հարաբերություններում առկա են որոշակի սահմանափակումներ։ Այո՛, կողմերը փոխադարձ դժգոհություններ ունեն, որոնք երկուսին էլ լավ հայտնի են։ Բայց արդյոք դա նշանակում է, որ պետք է պարզապես հրաժարվել այն ամենից, ինչ գոյություն ունի։ Իմ կարծիքով՝ ոչ»,- եզրափակել է Տիմոֆեևը։