Անահիտ Մանասյանն այցելել է Երևանի կայազորային հոսպիտալ

29 Հուլիսի 2026, 19:35

Բժշկություն | Հայեր

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 29-ին այցելել է Պաշտպանության նախարարության Երևանի կայազորային հոսպիտալ։ Այցի ընթացքում հատուկ ուսումնասիրության առարկա են դարձել սոցիալական հարթակներում տարածված՝ ժամկետային զինծառայող Ա. Հ.-ի իրավունքներին առնչվող հարցերը։

ՄԻՊ աշխատակազմի բժիշկ-հոգեբույժի մասնակցությամբ Պաշտպանը խորհրապահական առանձնազրույց է ունեցել զինծառայողի հետ, լսել նրան մտահոգող խնդիրներն ու ուսումնասիրել բժշկական փաստաթղթերը։ ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ նշված զինծառայողին առնչվող բոլոր հարցերն այս պահին էլ հասցեավորվում են ըստ իրավասության, և խնդիրը գտնվում է Անահիտ Մանասյանի անմիջական ուշադրության ներքո։ Ուսումնասիրության արդյունքներն ամփոփելուց հետո ՄԻՊ հաստատությունը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ։

Շրջայցի ընթացքում Անահիտ Մանասյանն այցելել է հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում բուժում ստացող զինծառայողներին, ծանոթացել նրանց առողջական վիճակին ու բուժման ընթացքին, ինչպես նաև դիտարկել շենքային պայմանները։ Առանձնազրույցների ընթացքում քննարկվել են բուժօգնության տրամադրմանը, կեցության պայմաններին, ծառայության ընթացքում ծագած հնարավոր խնդիրներին և դրանց լուծումներին վերաբերող հարցեր։

Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծել է հոգեբուժական բաժանմունքի շենքային պայմանների բարելավման անհրաժեշտությունը՝ կարևորելով զինծառայողների՝ արժանապատիվ և պատշաճ պայմաններում բուժօգնություն ստանալու իրավունքի լիարժեք ապահովումը։

Հոսպիտալի ղեկավար կազմի և բուժանձնակազմի հետ քննարկվել են զինծառայողների բժշկական օգնության ու սպասարկման, ինչպես նաև հոգեբուժական բաժանմունքի գործունեության կազմակերպմանն առնչվող հարցեր։