Ահաբեկիչն ուժեղ մարդկանց մեջ միշտ վախ է տեսնում. Դավիթ Ամալյան

30 Հուլիսի 2026, 19:45

Քաղաքականություն

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանի գործով հերթական դատական նիստը։

Դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ՀՀ վաստակավոր արտիստ, երգահան Դավիթ Ամալյանն ասել է, որ գործող դատական համակարգից որևէ լավ բան սպասել պետք չէ։

«Ընդհանրապես, երբ ընդդիմադիր գործիչներին այսպես տանում են… դա վախկոտ մարդու դրսևորում է։ Ահաբեկիչն ուժեղ մարդկանց մեջ միշտ վախ է տեսնում և փորձում է վնասազերծել նրանց․ սա դրա բնականոն դրսևորումն է»,- նշել է նա։

Անդրադառնալով Ազգային ժողովի նոր գումարման անդրանիկ նիստին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի չմասնակցելու և նիստը հայրապետական օրհնությամբ չբացվելու մասին տեղեկություններին՝ երգահանն ասել է, որ տեղի ունեցող երևույթներն իրեն այլևս չեն զարմացնում։

«Երբ նայում ես մեր «առաջնորդ կոչեցյալին», զարմանալու ոչինչ չի մնում։ Բառակույտ արտասանելը դեռևս միտք ու խոսք չէ, իսկ այդ մարդը ֆիզիկապես ունակ չէ որևէ տրամաբանական նախադասություն ձևակերպելու։ Ի՞նչ կարող ենք սպասել իրենից։ Սա ցավոտ իրականություն է, բայց գիտեմ, որ բոլոր գիշերներն էլ ավարտվում են լուսաբացով։ Այս իրավիճակը երկար չի տևելու»,- ընդգծել է Ամալյանը։