ՌԴ-ի հետ կապերի կրճատման դեպքում Հայաստանին տնտեսական դժվարություններ են սպասվում․ Գեորգի Օստապկովիչ
29 Հոկտեմբերի 2026, 16:00
Տնտեսական հետազոտությունների կենտրոնի գիտական ղեկավար, Տնտեսագիտության և գիտելիքի վիճակագրական հետազոտությունների ինստիտուտի (Բարձրագույն տնտեսագիտական դպրոց) ներկայացուցիչ Գեորգի Օստապկովիչը Alpha News-ին մեկնաբանել է Հայաստանի՝ Եվրամիության հետ մերձեցման և Ռուսաստանի հետ տնտեսական կապերի կրճատման հնարավոր տնտեսական հետևանքները։
Փորձագետի կարծիքով՝ Հայաստանի վերակողմնորոշումը դեպի եվրոպական շուկա կարող է բարդացնել Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունները, որի հետ հանրապետությունն ակտիվորեն համագործակցում է բնական ռեսուրսների, գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում։
«Տնտեսական տեսանկյունից, իհարկե, ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանը խնդիրներ կունենա, քանի որ տնտեսական կապերը Ռուսաստանի հետ բավականին ծավալուն են։ Դա վերաբերում է նաև բնական ռեսուրսներին, բանջարեղենի և մրգերի վաճառքին, ինչպես նաև առանձին ձեռնարկությունների կառուցմանը։
Թե որքանով կպահպանվեն այդ կապերը, եթե Հայաստանն ամբողջությամբ ուղղություն վերցնի դեպի Եվրոպա, դժվար է ասել։ Եվ, հավանաբար, ոչ ոք չի կարող դա ասել։ Տնտեսական առումով Հայաստանը կկորցնի այդ բոլոր հնարավորությունները, կապիտալ ներդրումները և եկամուտները։
Եվրոպական միությանը միանալը Հայաստանին եկամուտներ կապահովի, սակայն հարցն այն է, թե ինչ ծավալի կլինեն դրանք՝ համադրելի՞ կլինեն ռուսական շուկայի հետ ունեցած եկամուտներին, ավելի՞ մեծ կլինեն, թե՞ ավելի փոքր։ Այս պահին դա նույնպես դժվար է ասել, քանի որ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը կտևի ևս 5-6 տարի կամ նույնիսկ ավելի երկար։
Ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում տնտեսական իրավիճակը, իհարկե, կսրվի, քանի որ Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական կապերը բավականին սերտ են։ Իսկ այն հարցը, թե արդյոք Ռուսաստանը կհեռանա հայկական շուկայից, նույնպես միանշանակ պատասխան չունի»,- եզրափակել է Օստապկովիչը։