Թրամփը կարծում է՝ Հեգսեթը մոլորեցրել է իրեն Իրանի դեմ հարվածների համար սպառազինության պակասի հարցում
06 Օգոստոսի 2026, 10:59
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթից պարզաբանումներ է պահանջել հրթիռների պակասի վերաբերյալ։ Այս մասին հայտնել է «The Washington Post»-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթից պահանջել է բացատրել, թե ինչու են իրեն մոլորության մեջ գցել զինամթերքի լուրջ պակասի հարցում, որը ներկայում սպառնում է սահմանափակել ԱՄՆ-ի ռազմական հնարավորությունները Իրանի ուղղությամբ», — նշվում է հրապարակման մեջ։
Պարբերականի տվյալներով՝ Թրամփը հայտարարել է, որ կարծում էր՝ զինամթերքի պակասի խնդիրը վաղուց լուծված է, սակայն ավելի ուշ տեղեկացել է հեռահար կառավարվող հրթիռների և հակաօդային պաշտպանության միջոցների զգալի դեֆիցիտի մասին։ Աղբյուրների պնդմամբ՝ հենց սպառազինության պակասն էլ դարձել է պատճառներից մեկը, որի հետևանքով նախագահը վերջին օրերին հրաժարվել է Իրանի դեմ նոր լայնածավալ հարվածներ հասցնելու գաղափարից։
Քեմփ Դևիդում կայացած հանդիպման ընթացքում Հեգսեթը, ըստ աղբյուրների, մերժել է Թրամփի մեղադրանքները և պատասխանատվությունը բարդել իր տեղակալ Սթիվեն Ֆայնբերգի վրա՝ հայտարարելով, որ վերջինս նախագահին ամբողջական տեղեկատվություն չի տրամադրել զինապահեստների իրական վիճակի մասին։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը X սոցիալական ցանցում հերքել է այս տեղեկությունը՝ հայտարարելով, որ Քեմփ Դևիդում նման միջադեպ չի եղել։ Նրա խոսքով՝ Թրամփը համոզված է, որ Հեգսեթը փայլուն է կատարում իր պարտականությունները։
Անցած շաբաթվա վերջին Պենտագոնը Կոնգրեսից լրացուցիչ 67 միլիարդ դոլար է խնդրել՝ Իրանի հետ պատերազմի ծախսերը հոգալու և սպառազինության պաշարները վերականգնելու նպատակով։ CNN-ի և Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի տվյալներով՝ այդ պաշարների մի մասը հասել է խիստ ցածր մակարդակի։