Գարեգին Բ-ի դատավարությունը հարված է սահմանադրական կարգին և միջազգային իրավունքին․ Ամստերդամ

06 Օգոստոսի 2026, 21:41

Քաղաքականություն

Միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով օգոստոսի 7-ին նախատեսված Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի դատական նիստին։

Ամստերդամը նշել է, որ, իր գնահատմամբ, այդ օրը կարող է պատմության մեջ մնալ որպես «վտանգավոր շրջադարձի օր»։

Նրա խոսքով՝ Կաթողիկոսի նկատմամբ իրականացվող դատական գործընթացը սովորական դատական նիստ չէ, այլ հարված է սահմանադրական կարգին և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին։

Իրավապաշտպանը նշել է, որ ՀՀ Սահմանադրությունն ու միջազգային պայմանագրերը նախատեսում են պետության և եկեղեցու տարանջատման սկզբունքը՝ երաշխավորելով կրոնական հաստատությունների ինքնավարությունը։ Նրա գնահատմամբ՝ երբ պետական դատական համակարգը կիրառվում է հոգևոր առաջնորդի նկատմամբ քաղաքական ճնշման նպատակով, արդարադատությունը կորցնում է իր բուն նշանակությունը։

Ամստերդամի կարծիքով՝ պետության միջամտությունը կրոնական կյանքին հակասում է արդար դատաքննության և կրոնական ազատության միջազգային չափանիշներին, ինչպես նաև վտանգավոր նախադեպ է ստեղծում օրենքի գերակայության համար։

Հայտարարության վերջում իրավապաշտպանը նշել է, որ, իր համոզմամբ, միջազգային հանրությունն ու իրավապաշտպան կառույցներն ուշադրությամբ կհետևեն գործընթացին։