Արցախի հայկական լինելն անբեկանելի ճշմարտություն է․ Իշխան Սաղաթելյան

07 Օգոստոսի 2026, 11:02

Կարծիք | Քաղաքականություն

Ընդդիմությունը դեմ չէ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը, այլ դեմ է այն ճանապարհին, որն ընտրել է գործող իշխանությունը։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի հայտարարությանը, թե Ադրբեջանից և Թուրքիայից եկող սպառնալիքները չեզոքացվում են հարաբերությունների կարգավորմամբ։

«Այդ ճանապարհի գինը հետևյալն է՝ հրաժարվել Անկախության հռչակագրից, ուրանալ Ցեղասպանությունը, սահմանագծման անվան տակ Ադրբեջանին նոր զիջումներ անել, չբացառել Տիգրանաշենի հանձնումը, անխոչընդոտ ճանապարհ տրամադրել Նախիջևանի և Ադրբեջանի միջև, ինչպես նաև պաշտոնապես Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։ Սա կործանման ճանապարհ է»,- նշել է պատգամավորը։

Անդրադառնալով իշխանության մեղադրանքներին, թե ընդդիմությունը կասկածի տակ է դնում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, Սաղաթելյանը շեշտել է, որ ՀՀ ինքնիշխանությունն իրենց համար գերագույն արժեք է, իսկ Արցախի հայկական լինելը՝ անբեկանելի ճշմարտություն։

«Եթե վաղը նույնիսկ օրենք բերեք Ազգային ժողով և ասեք՝ ով ասի Արցախը հայկական է, գնդակահարվելու է, միևնույն է, ես և իմ ընկերները գալու ենք այս ամբիոնի մոտ և ասենք՝ Արցախը հայկական է»,- հայտարարել է նա։

Հիմա եթերում