Կայծակը հարվածել է Գվատեմալայում ժայթքող հրաբխի խառնարանին
17 Օգոստոսի 2026, 10:35
Գվատեմալայում ականատեսները ֆիքսել են հազվագյուտ բնական երևույթ․ կայծակը հարվածել է ժայթքող Ֆուեգո հրաբխի խառնարանին՝ մոխրի հզոր արտանետման պահին։ Տեսանյութը կարճ ժամանակում տարածվել է համացանցում։
3763 մետր բարձրություն ունեցող Ֆուեգո հրաբուխը Կենտրոնական Ամերիկայի ամենաակտիվ հրաբուխներից է և պարբերաբար մոխրի ու ծխի հսկայական սյուներ է արտանետում։ Այն գտնվում է երկրի հնագույն մայրաքաղաք Անտիգուա Գվատեմալայից ընդամենը 35 կիլոմետր հեռավորության վրա։
Հրաբխագետները նման երևույթներն անվանում են «կեղտոտ ամպրոպներ» կամ հրաբխային կայծակներ։ Դրանք առաջանում են հրաբխի խառնարանից մեծ արագությամբ դուրս մղվող մոխրի մասնիկների ինտենսիվ շփման հետևանքով։ Շփման արդյունքում առաջանում է հզոր ստատիկ էլեկտրականություն, որը առաջացնում է էլեկտրական լիցքաթափում ամպի ներսում: