Իրական բիզնես քեյսեր և 3.5 մլն դրամ մրցանակային ֆոնդ․ Buissup-ըվերադառնում է նոր ձևաչափով

21 Օգոստոսի 2026, 15:27

Հայեր

Սեպտեմբերի 11-13-ը սիրված Buissup-ը կվերադառնա նոր ձևաչափով՝ Buissup Challenge-ով։ Երեք մրցութային օրերի ընթացքում տարբեր ոլորտների երիտասարդ մասնագետներ կմիավորվեն թիմերում՝ աշխատելու խոշոր ընկերությունների ներկայացրած իրական բիզնես քեյսերի վրա և մշակելու գործնական, կիրառելի լուծումներ։

Այս տարվա Challenge-ին բիզնես մարտահրավերներ կներկայացնեն Dalma-ն, Ucom-ը, Hay Cola Factory-ն, Coffee House-ը, Yan Products-ը, Cinema Star-ը, One Way Tour-ը, Sali-ն, Maple Leafs Clinic-ը և Bacon Products-ը։ Մասնակիցները կաշխատեն այն ուղղություններով, որոնք այսօր առանցքային նշանակություն ունեն բիզնեսների զարգացման համար՝ արհեստական բանականություն և թվայնացում, մարքեթինգ և վաճառքների զարգացում, հաճախորդների փորձի բարելավում, մարդկային ռեսուրսների կառավարում, ներքին գործընթացների օպտիմալացում և արդյունավետության բարձրացում։

Մասնակիցները բազմապրոֆիլ թիմերով երեք օր շարունակ կաշխատեն կոնկրետ բիզնես քեյսերի վրա։ Ամբողջ ընթացքում նրանց կողքին կլինեն ոլորտային փորձագետներն ու մենթորները՝ օգնելով զարգացնել գաղափարները և դրանք վերածել բիզնեսում կիրառելի առաջարկների։

Ծրագրի ավարտին թիմերը իրենց լուծումները կներկայացնեն ընկերությունների և բիզնես համայնքի ներկայացուցիչներին։ Լավագույն գաղափարների հեղինակ թիմերը նաև կստանան մասնաբաժին 3,5 մլն դրամ ընդհանուր մրցանակային ֆոնդից։

Buissup Challenge-ը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են մասնագիտական գիտելիքները դուրս բերել տեսական դաշտից և փորձարկել իրական բիզնես միջավայրում։ Մասնակցությունը նաև հնարավորություն է՝ աշխատելու տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչների հետ, ձեռք բերելու նոր փորձ, ընդլայնելու մասնագիտական կապերը և անմիջական շփում ունենալու խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Ծրագրին կարող են դիմել առնվազն մեկ տարվա ոլորտային փորձ ունեցող մասնագետները։ Մասնակցությունը հնարավոր է ինչպես անհատապես, այնպես էլ նախապես ձևավորված թիմերով։

Buissup Challenge-ը կանցկացվի սեպտեմբերի 11-13-ը «ԱՅԲ» դպրոցում։

Մասնակցության հայտերը դեռ բաց են։ Ծրագրին մասնակցության պայմաններին և դիմելու կարգին կարող եք ծանոթանալ այստեղ՝ http://buissup.org/Challenge։

Հարցերի դեպքում՝
Սարգսյան Էդուարդ՝ Marketing project manager
Հեռ. 094980044