«Ուժեղ Հայաստան»-ը պայքարելու է իր խոստացած ծրագրերն իրականացնելու համար․ Նարեկ Կարապետյան

21 Օգոստոսի 2026, 20:43

Քաղաքականություն

Ազգային ժողովում արդեն 16-րդ նիստն է՝ քննարկվում են խորհրդարանի ձևավորման հետ կապված հարցերը։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի խոսքով՝ ԱԺ-ի ձևավորման գործընթացը պատմության մեջ երբևէ այսքան երկար չի տևել։

«Պատմության մեջ երբեք այսպիսի երկար նստաշրջան Ազգային ժողովի ձևավորման չի եղել։ Պատճառը մեկն է՝ կռիվը, հակադրությունները և այն հայացքները, որոնք ունենք մենք»,- նշել է Կարապետյանը։

Նա ընդգծել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը պատրաստվում է շարունակել պայքարը՝ իր նախընտրական ծրագրերն իրականացնելու համար։

«Ուժեղ Հայաստանը աշխատելու է, պայքարելու է իր խոստացած բոլոր ծրագրերն իրականացնելու համար, որպեսզի մեր հասարակությունը տեսնի, թե ինչ պատասխանատվությամբ ենք մենք վերաբերվում ձեր վստահությանը՝ այն վստահությանը, որը դուք տվել եք մեզ»,- ասել է խմբակցության ղեկավարը։

Կարապետյանը նաև հայտարարել է, որ խմբակցությունը պատրաստ է շարունակել աշխատանքը այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է՝ ընդունելի լուծումների հասնելու համար։

«Մենք պատրաստ ենք ավելի երկար մնալ, ևս 16 օր անընդմեջ, մինչև մեզ համար ընդունելի լուծումների չգանք։ Ես ուզում եմ ևս մեկ անգամ ասել՝ ուժեղ Հայաստան լինելու է։ Ուժեղ Հայաստան լինելու է»,- եզրափակել է Նարեկ Կարապետյանը։