Շվեդիայում անհայտ անձը սրով հարձակվել է դպրոցի վրա

22 Օգոստոսի 2026, 13:00

Քաղաքականություն

Շվեդիայի Ֆագերշտա քաղաքում անհայտ անձը սրով հարձակվել է դպրոցի վրա, ինչի հետևանքով մի քանի մարդ տուժել է։ Այս մասին հայտնել է SVT-ն։

Զինված տղամարդը տեղական ժամանակով մոտավորապես ժամը 14:00-ին մտել է Բրինելսկոլան դպրոց։ Ոստիկանության և փրկարար ծառայությունների ահազանգը ստացվել է ժամը 14:06-ին։

Հարձակվողը ձերբակալվել է, սակայն հասցրել է վիրավորել մի քանի մարդու։ Aftonbladet-ի տվյալներով՝ մեկ մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել։

Իրավապահները տեղի ունեցածը բնութագրել են որպես «մահվան ելքով բռնություն», սակայն մանրամասներ չեն ներկայացրել։ Դեպքի վայրում աշխատում են շտապօգնության մեքենաներ և ոստիկանության ծառայողները, ինչպես նաև ներգրավվել է ոստիկանական ուղղաթիռ։

Դպրոցի աշակերտները պատսպարվել են շենքում։ Ոստիկանները շարունակում են խուզարկել դպրոցը, իսկ աշակերտներին թույլ չի տրվել լքել տարածքը։ SVT-ի թղթակցի փոխանցմամբ՝ դպրոցի շրջակայքում աշակերտների հարազատների մեծ բազմություն է հավաքվել։

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը բնակիչներին կոչ է արել չխոչընդոտել ոստիկանության և փրկարար ծառայությունների աշխատանքին։ Ավելի ուշ նա հաստատել է, որ հարձակման հետևանքով մարդ է զոհվել։

Հիմա եթերում