ԵՄ ո՞ր երկրում է հնարավոր ընտանիքներով կալանավորումները․ Դավիթ Ղազինյան

26 Օգոստոսի 2026, 16:50

Քաղաքականություն

Գիտե՞ք, ինձ մոտ մեծ հարց է առաջանում, թե Եվրոպական միության ո՞ր երկրում է հնարավոր նման բան՝ ընտանիքներով կալանավորումներ։ Այս մասին Ազգային ժողովում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանն՝ անդրադառնալով երկրում տեղի ունեցող իրավական գործընթացներին։

«Ո՞ր ԵՄ երկրում է հնարավոր այսպիսի բան. իմ կարծիքով՝ ոչ մի։ Հարց է առաջանում՝ ի՞նչն է թույլ տալիս, որ այստեղ լինի նման բան, ինչո՞ւ ԵՄ-ն չի արձագանքում»,- նշել է պատգամավորը։

Խոսելով դատական համակարգի ներկայիս վիճակին՝ Ղազինյանն ընդգծել է, որ նախկինում չգրված բարոյական նորմ է եղել՝ եթե հանցագործությունն առանձնապես ծանր չէ, ընտանիքի երկու անդամի միաժամանակ չեն ազատազրկում։

«Հիմա, այսպես որ գնա, իմ կողմից կարող եմ կիսահումորային առաջարկ անել՝ ՔՊ վարչության նիստերում ընդհանրապես դատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստում դրեք հոդվածի սանկցիան, քվեարկությունով կալանքը տվեք, վերջացրեք. ահագին փող կտնտեսենք»,- ասել է նա։