Անկախության 35-ամյակի տոնակատարությունների համար 1.3 մլրդ դրամ կհատկացվի

27 Օգոստոսի 2026, 12:58

Քաղաքականություն

ՀՀ անկախության 35-ամյակի կապակցությամբ Երևանում, Կապանում, Վանաձորում, Գյումրիում և Իջևանում նախատեսված տոնական միջոցառումների համար կառավարության պահուստային ֆոնդից 1 մլրդ 326 մլն 969,8 հազար դրամ կհատկացի։

ԿԳՄՍ նախարարության նախագծի համաձայն` ամենամեծ գումարը՝ 1 մլրդ 31 մլն 453,5 հազար դրամ, նախատեսվում է սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության հրապարակում անցկացվելիք գլխավոր տոնական միջոցառման համար։ Ակնկալվում է շուրջ 40 հազար հանդիսատես։

Հանրապետության հրապարակում ծրագիրը բաղկացած կլինի երկու մասից՝ պատմամշակութային ներկայացումից և համերգից։ Ներկայացման հիմքում «Հազարան բլբուլ» հեքիաթի և առասպելի մոտիվներով մշակված կոնցեպտն է։

Համերգին նախատեսվում է Թաթա Սիմոնյանի, Արման Հովհաննիսյանի, Իվետա Մուկուչյանի, Լիպարիտ Ավետիսյանի, Գևորգ Հակոբյանի, Արամ MP3-ի, «Կարեն-Սևակ Բենդ»-ի և այլ կատարողների մասնակցությունը։ Կմասնակցեն նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Հովհաննես Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը։

Մյուս միջոցառումները նախատեսված են մարզերում.

Կապան — 81 մլն 672 հազար դրամ։ Սեպտեմբերի 19-ին կանցկացվի «Անկախության օրը Կապանում» համերգը՝ «Լավ էլի», «Ռեինկարնացիա» և «Նեմրա» խմբերի մասնակցությամբ։ Սպասվում է 10–12 հազար հանդիսատես։

Վանաձոր — 95 մլն 430,7 հազար դրամ։ Սեպտեմբերի 18-ին նախատեսված է «Սիմֆոնիկ Ռոք» համերգը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի մասնակցությամբ։ Սպասվում է 4–5 հազար հանդիսատես։

Գյումրի — 83 մլն 922,6 հազար դրամ։ Կանցկացվի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի «Անկախության սիմֆոնիա» համերգը՝ շուրջ 7 հազար հանդիսատեսի համար։

Իջևան — 34 մլն 491 հազար դրամ։ Սեպտեմբերի 21-ին քաղաքի կենտրոնական՝ Շատրվանների հրապարակում կանցկացվի «Անկախության ռիթմը Իջևանում» համերգը։ Նախատեսվում է շուրջ 3 հազար հանդիսատեսի ներկայություն։

Հիմա եթերում