Կողմերի միջև հակամարտությունը խորանում է․ Կոնստանտին Տասիցը՝ ՌԴ-ի և ՀՀ-ի միջև առկա հակասությունների մասին
27 Օգոստոսի 2026, 22:40
Քաղաքագետ, հարավկովկասյան հարցերով փորձագետ Կոնստանտին Տասիցը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի Հանրապետության՝ Եվրամիությանն անդամակցելու ձգտումներին։
«Մենք տեսնում ենք, որ կողմերի միջև հակասություններն ավելի են խորանում։ Փաշինյանը հայտարարել է, որ ուրախ կլինի, եթե ՀՀ-ն դուրս մղվի ՀԱՊԿ-ից, ինչպես նաև Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնելու պատրաստակամությունն է հայտնել։
Իր հերթին, ՌԴ խորհրդարանի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը նշել է, որ ՀՀ-ի դիրքորոշումը պետք է ավելի ազնիվ լինի․ եթե ՀՀ-ն գնում է դեպի Եվրամիություն, ապա անհրաժեշտ է հրաժարվել այն արտոնություններից, որոնք երկիրը ստանում է Եվրասիական տնտեսական միության շրջանակում, և, համապատասխանաբար, դուրս գալ ԵԱՏՄ-ից ու շարունակել եվրոպական ինտեգրման ճանապարհը։
Կարծում եմ՝ սա իր հիմքերն ունի, քանի որ, չնայած հայկական կողմը հայտարարում է, թե նախ անհրաժեշտ է ձևավորել այլընտրանք, մենք գիտենք, որ, օրինակ, Վրաստանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ հանրաքվեն անցկացվել է այն ժամանակ, երբ նույնիսկ Ասոցացման համաձայնագիրը դեռ ստորագրված չէր։
Հետևաբար, եթե հայկական կողմն ընտրում է զարգացման որոշակի ուղղություն, ապա անհրաժեշտ է ավելի հետևողական լինել։ Դա պետք է ամրագրվի որպես ժողովրդի կամք, և, համապատասխանաբար, ՀՀ-ն պետք է դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից ու շարժվի դեպի Եվրոպա», — նշել է քաղաքագետը։