Հորս, երկու եղբայրներիս ու ամուսնուս կորցրի, հիմա կարող ենք նաև տունը կորցնել. Բերտա Շահրամանյանի ահազանգը

28 Օգոստոսի 2026, 16:42

Քաղաքականություն

Արցախցի Բերտա Շահրամանյանը սոցիալական ցանցի իր էջում դիմել է ՀՀ իշխանություններին՝ բարձրաձայնելով ընտանիքի բնակարանային ծանր իրավիճակի մասին։

Շահրամանյանի խոսքով՝ 2023 թվականի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ինքը կորցրել է ընտանիքի չորս անդամներին՝ հորը, երկու անչափահաս եղբայրներին և ամուսնուն։

Նրա փոխանցմամբ՝ դեպքից անցել է գրեթե երեք տարի, սակայն ընտանիքի անդամները մինչ օրս որևէ կարգավիճակ չեն ստացել։ Շահրամանյանը նշում է, որ ինքը, մայրը և զինվորական հաշմանդամության կարգ ունեցող եղբայրը ներկայում բնակվում են վարձակալած բնակարանում և այս ընթացքում պետությունից որևէ աջակցություն չեն ստացել։

Բնակարանի վարձավճարի թանկացման պատճառով ընտանիքը հայտնվել է նոր խնդրի առաջ։ Շահրամանյանի խոսքով՝ ներկայիս բնակարանի ամսական վարձը կազմում է 300 հազար դրամ, որը ընտանիքը չի կարողանում վճարել։ Նա նաև նշում է, որ պետության կողմից տրամադրվող 3-4 միլիոն դրամի բնակարանային հավաստագրերով ներկայիս շուկայական պայմաններում անգամ մեկ սենյականոց բնակարան ձեռք բերելը դժվար է։

«Ես՝ տան միակ աշխատողս, աշխատում եմ Երևանում և բնականաբար բնակարան փնտրում եմ Երևանում։ Մինչ այսօր խելամիտ գնով վարձով բնակարան չեմ կարողացել գտնել»,– գրել է նա։

Շահրամանյանի փոխանցմամբ՝ ընտանիքը ստիպված է մի քանի օրվա ընթացքում ազատել ներկայիս բնակարանը, և եթե խնդիրը չլուծվի, իրենք կարող են հայտնվել առանց կացարանի։

Նա ՀՀ իշխանություններին կոչ է արել հաշվի առնել ընտանիքի իրավիճակը և հնարավոր լուծում գտնել բնակարանային խնդրին։

Բացի այդ, Շահրամանյանը բարձրացրել է նաև բնակարանների վարձակալության շուկայում վերահսկողության հարցը՝ հետաքրքրվելով, թե արդյոք իրավասու մարմինները վերահսկողություն են իրականացնում և արդյոք բնակարանների սեփականատերերը վարձակալությունից ստացած եկամուտների մասով վճարում են եկամտահարկ։