Փաշինյանն ինքն է ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի մաս, և ինքն է տապալել ՀԱՊԿ-ի առաքելությունը. Մարիա Զախարովա
28 Օգոստոսի 2026, 20:10
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կտրուկ արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ հայտարարություններին։ Օգոստոսի 27-ի ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարց է ուղղվել, թե ինչու է ՀՀ կառավարության նոր ծրագրում Ռուսաստանի հետ հարաբերությունները բնորոշվում միայն որպես «գործընկերային» և «տրանսֆորմացիոն», մինչդեռ 2021 թվականի փաստաթղթում դրանք բնութագրվում էին որպես «ռազմավարական դաշնակցություն»։
Փաշինյանը պատասխանել է, որ ռազմավարական գործընկերությունը պետք է հաստատվի իրական գործողություններով՝ հղում անելով 2022 թվականի սեպտեմբերյան իրադարձություններին, երբ, նրա խոսքով, Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը չեն կատարել անվտանգության ոլորտում իրենց ստանձնած պարտավորությունները։
Մարիա Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանն այդ ժամանակ նպաստել է խաղաղ կարգավորմանը, իսկ ՀԱՊԿ-ը օպերատիվ կերպով առաքելություն է ուղարկել՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը գնահատելու համար։
Ավելին, ըստ նրա, 2022 թվականի նոյեմբերին Երևանում պատրաստվել էր Հայաստանում ՀԱՊԿ-ի առաքելության տեղակայման վերաբերյալ որոշման նախագիծ, որը նախատեսում էր քաղաքական-դիվանագիտական միջոցառումներ, ռազմատեխնիկական օգնություն և աջակցություն սահմանապահ զորքերին։ Սակայն հենց Փաշինյանն է հրաժարվել ստորագրել այդ փաստաթուղթը։
«Դուք ինքներդ տապալեցիք ձեր երկրի անվտանգությունն ապահովելու հնարավորությունը», -հայտարարել է Զախարովան։
Նա հիշեցրել է նաև 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հռչակագիրը, որով Փաշինյանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը։
«Դուք ինքներդ եք ստորագրել դրա տակ, իսկ այժմ փորձում եք պատասխանատվությունը բարդել ուրիշների վրա», — նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Զախարովան ընդգծել է, որ իր մատնանշած բոլոր փաստերը հաստատվում են հենց Փաշինյանի հայտարարություններով և ընդունած որոշումներով։
«Դադարեցրե՛ք սեփական մեղքն ուրիշների վրա գցել և բոլորին մեղադրել՝ Մոսկվային, ՀԱՊԿ-ին, Ադրբեջանին, Եկեղեցուն, գործարարներին, սեփական ժողովրդին։ Սա անամոթություն է։ Ձեզ մոտ բոլորը մեղավոր են, բացի ձեզանից», — հավելել է նա։