Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ 279 ուղևորով լաստանավ է շրջվել․ կան տուժածներ

30 Օգոստոսի 2026, 16:50

Քաղաքականություն

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ 279 ուղևոր տեղափոխող լաստանավ է շրջվել․ կան տուժածներ։ Նավը սկսել է խորտակվել Կիրենիայի նավահանգստից դուրս գալուց կարճ ժամանակ անց՝ ափից մոտ 2 կիլոմետր հեռավորության վրա։ Kıbrıs Postası-ի փոխանցմամբ՝ նավապետը նկատել է ջրի ներհոսքը նավի առաջնամասում և փորձել է հետ պտտել այն՝ նավահանգիստ վերադառնալու համար, սակայն՝ ապարդյուն։

Տուժածներին օգնության են շտապել մոտակայքում գտնվող նավակներն ու արագընթաց մոտորանավերը։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարները․ գործողությունն անձամբ վերահսկում են Հյուսիսային Կիպրոսի վարչապետ Ունալ Ուսթելն ու հանրային աշխատանքների և տրանսպորտի նախարար Էրհան Արըքլըն։

Լաստանավի 159 ուղևորի հաջողվել է փրկել, առնվազն 1 մարդ զոհվել է։ Թուրքիայի դրոշի տակ նավարկող նավը դեռևս չպարզված պատճառով սկսել է ջուր լցվել և շրջվել է։ Կիրենիա-Թաշուջու երթուղին իրականացնող այս նավի երկարությունը 40,5 մետր է, լայնությունը՝ 10,4 մետր։

Համացանցում հայտնված տեսանյութում լսվող ռուսերեն խոսքից ենթադրվում է, որ նավում կարող էին լինել նաև ՌԴ քաղաքացիներ։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են։