ԵՄ-ին ընդառաջ քայլը փաստացի ԵԱՏՄ-ից դուրս գալ է, լավագույն լուծումը հանրաքվեն է․ Պուտին

01 Սեպտեմբերի 2026, 21:15

Քաղաքականություն

Բիշքեքում կայացած հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են Եվրամիությանը Հայաստանի հնարավոր անդամակցության հարցն ու դրա հետևանքները ԵԱՏՄ-ին անդամակցության համար։ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Եվրամիությանն անդամակցելու Երևանի ձգտումը երկրի օրինական իրավունքն է, սակայն դա կարող է բարդացնել իրավիճակը ԵԱՏՄ շրջանակում ստանձնած պարտավորությունների պատճառով։ Նա ընդգծել է, որ որքան արագ Հայաստանը կողմնորոշվի եվրոինտեգրման հարցում, այնքան լավ, քանի որ Մոսկվային անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես հետագայում զարգացնի հարաբերությունները։

«Եթե Հայաստանն ընդունի օրենք՝ մեկ այլ տնտեսական կազմակերպությանն անդամակցելու ընթացակարգ սկսելու մասին, դա կնշանակի նրա դուրս գալը ԵԱՏՄ-ից։ Հարցրեք մարդկանց՝ ի՞նչ են իրենք ուզում։ Նրանք ընտրություն կկատարեն, և մենք կփակենք թեման»,- ընդգծել է նախագահը՝ առաջարկելով հարցը դնել հանրաքվեի։

Պուտինը նշել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի գլխավոր առևտրատնտեսական գործընկերը. 2026 թվականի սկզբից ի վեր ապրանքաշրջանառությունը հասել է 2,5 միլիարդ դոլարի, ԵԱՏՄ-ին անդամակցելու ընթացքում երկրի ՀՆԱ-ն եռապատկվել է, իսկ արտահանումը միության երկրներ ավելացել է տասն անգամ։ Նրա խոսքով՝ ռուսական ընկերությունները Հայաստանի բյուջեի խոշորագույն հարկատուներն են և ամրապնդում են երկրի էներգետիկ անվտանգությունը։

Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ Հայաստանը եվրաինտեգրման ձգտման մեջ Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ պայմանավորվածությունների խախտում չի տեսնում։ Նրա խոսքով՝ երկու տնտեսական միությունների միջև ընտրություն կատարելու հարցը դեռ չի հասունացել։ Վարչապետն ընդգծել է, որ եվրոինտեգրման գործընթացն ուղղված չէ Ռուսաստանի դեմ, և Երևանը շահագրգռված է Մոսկվայի հետ հարաբերությունների զարգացմամբ։

Հանդիպման բաց մասի վերջում Պուտինն հավելել է , որ համաձայն չէ ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունների հետ։

«Գլխավոր հարցի շուրջ ինձ թույլ տվեք, այնուամենայնիվ, չհամաձայնել Ձեզ հետ։ Դուք ասացիք, որ դուրս գալու մասին հայտարարություն չեք արել։ Սակայն մեկ այլ տնտեսական կազմակերպությանն անդամակցելու ընթացակարգ սկսելու մասին օրենքի ընդունումը փաստացի նշանակում է հայտարարություն մեր կազմակերպությունից դուրս գալու մասին»,- եզրափակել է Ռուսաստանի նախագահը։