Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի իրավունքը քննարկման ենթակա չէ․ Իշխան Սաղաթելյան
02 Սեպտեմբերի 2026, 10:46
Արցախի հարցն ու արցախցիների վերադարձի իրավունքի հարցը փակված չեն։ Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Նիկոլ Փաշինյանն այն մարդը չէ, որ պետք է որոշի՝ Արցախը հայկակա՞ն է, թե ոչ։ Նա բնականաբար շարունակում է սպասարկել Թուրքիայի և Ադրբեջանի վարած քաղաքականությունը և նրանց շահերը Հայաստանում։ Շարունակելու եմ պնդել, որ Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի իրավունքը քննարկման ենթակա չէ»,- նշել է պատգամավորը։
Պատասխանելով միջազգային հարթակներում արցախահայության հիմնախնդիրները օրակարգում պահելու վերաբերյալ հարցին՝ Իշխան Սաղաթելյանը նշել է, որ ՀՅԴ-ն բոլոր հնարավոր միջոցներով բարձրաձայնում է այդ հարցը, ինչի վառ ապացույցն են վերջերս Փարիզում կայացած խոշոր խորհրդաժողովներն ու տարբեր երկրների խորհրդարանների ընդունած բանաձևերը։
Այդուհանդերձ, ըստ նրա, խնդիրն առաջ տանելը չափազանց բարդ է պաշտոնական Երևանի դիրքորոշման պատճառով։