102-րդ ռազմաբազայի հարցը դարձել է շանտաժի առարկա. Գրիգոր Բալասանյան
02 Սեպտեմբերի 2026, 15:14
Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո 102-րդ ռազմաբազայի թեմային անդրադառնալը պատահական չէ։ Հայաստանի ներհայաստանյան դիսկուրսում, հատկապես արևմտյան կողմնորոշում ունեցող փորձագիտական շրջանակներում, երկար ժամանակ է՝ ակտիվորեն քննարկվում է բազայի հետագա ներկայության հարցը։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
«Բազայի առկայությունը որքան պետք է Ռուսաստանին, նույնքան էլ պետք է Հայաստանին։ Եթե Հայաստանի ժողովուրդը կարծում է, որ այդ բազան իրեն այլևս պետք չէ, ապա այդ հարցը պետք է համապատասխան որոշմամբ լուծվի»,- ասել է միջազգայնագետը։
Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակին՝ Գրիգոր Բալասանյանը նշել է, որ Փաշինյան-Պուտին հանդիպումը բավական ծանր տպավորություն է թողել։ Նրա խոսքով՝ երկար ժամանակ է, ինչ երկկողմ հարաբերություններում նման լարվածություն չէր նկատվել, մինչդեռ այս անգամ լարվածությունն անթաքույց էր և տեսանելի անգամ հանդիպման ընթացքում։
«Հայաստանի կառավարության ղեկավարի ժեստիկուլյացիան ևս վկայում էր իրավիճակի ծայրաստիճան լարվածության մասին։ Չհասկացանք նաև, թե ինչու Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում Փաշինյանը խոսեց հայերեն, իսկ երկկողմ հանդիպման ժամանակ անցավ ռուսերենի։ Եթե որոշում կա խոսել հայերեն, ճիշտ կլիներ շարունակել խոսել հայերեն։ Եթե հայերենը վերագրվում է ինքնիշխանության կամ սուվերենության խորհրդանիշի, ես դեմ չեմ՝ թող խոսեն հայերեն»,- ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում: