Օլիմպիական եռակի չեմպիոն․ Գաբրիել Սարգսյանի հաղթական ուղին

03 Սեպտեմբերի 2026, 22:00

Հայեր

Շախմատիստ Գաբրիել Սարգսյանը ծնվել է 1983 թվականի սեպտեմբերի 3-ին Երևանում։ Շախմատի առաջին դասերը ստացել է վեց տարեկանում՝ պապիկից, և շատ շուտով աչքի է ընկել իր բացառիկ տաղանդով։ 1996 թվականին դարձել է մինչև 14 տարեկանների աշխարհի չեմպիոն, իսկ 1998-ին՝ մինչև 16 տարեկանների Եվրոպայի չեմպիոն։ 1999 թվականին ստացել է միջազգային վարպետի, իսկ 2002-ին՝ գրոսմայստերի կոչում։

Գաբրիել Սարգսյանը երկու անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն ՝ 2000 և 2003 թվականներին: Նրա միջազգային առաջխաղացումը տեղի է ունեցել 2006 թվականին, երբ հաղթել է Ռեյկյավիկի և Դուբայի մրցաշարերում, իսկ հետո Հայաստանի հավաքականի հետ ոսկե մեդալ է նվաճել Թուրինի համաշխարհային օլիմպիադայում ։ Հետագա տարիներին նա երեք անգամ դարձել է օլիմպիական չեմպիոն ՝ 2006, 2008, 2012, ինչպես նաև 2011 թվականին աշխարհի թիմային առաջնության հաղթող։

Սարգսյանը բազմիցս հաջողությունների է հասել հեղինակավոր մրցաշարերում ։ 2007 թվականին նա հաղթել է Իսպանիայում Ռույ Լոպեսի անվան փառատոնում ՝ ֆենոմենալ արդյունքով ՝ 6,5 միավոր 7-ից և 3000‑ից ավելի կատարողական վարկանիշ ։ 2014 թվականին դարձել է Չիկագոյի օփենի հաղթող, իսկ 2015 թվականին «PokerStars Isle of Man» մրցաշարում կիսել է առաջին տեղը ։ 2019 թվականին հաղթել է Եվրոպայի արագ շախմատի առաջնությունում, իսկ 2022 թվականին դարձել Եվրոպայի անհատական առաջնության արծաթե մեդալակիր ՝ զիջելով միայն լրացուցիչ ցուցանիշներով։

Իր ձեռքբերումների համար Սարգսյանն արժանացել է բազմաթիվ պետական պարգևների՝ Մովսես Խորենացու մեդալի (2006 թ.), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալի (2008 թ.) և Պատվո շքանշանի (2012 թ.)։ 2008 թվականին նա ճանաչվել է Հայաստանի տարվա լավագույն մարզիկ։ Անհատական հաջողություններից բացի, Սարգսյանը հսկայական ներդրում է ունեցել Հայաստանի հավաքականի թիմային նվաճումների մեջ։ Նրա կայուն խաղը երրորդ խաղատախտակի վրա բազմիցս ապահովել է հավաքականի համար վճռորոշ միավորներ։

Նա հանդես է եկել նաև Իսպանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Չինաստանի ակումբներում՝ նպաստելով հայկական շախմատային դպրոցի միջազգային հեղինակության ամրապնդմանը։ Այսօր Սարգսյանի վարկանիշը կազմում է 2610 միավոր (2026 թվականի օգոստոսի դրությամբ), իսկ նրա առավելագույն վարկանիշը հասել է 2715-ի (2022 թվականի դեկտեմբերին)։ Նա շարունակում է ակտիվորեն հանդես գալ մրցաշարերում՝ մնալով ազգային հավաքականի առաջատարներից մեկը և իր փորձն ու գիտելիքները փոխանցելով երիտասարդ շախմատիստներին։

Գաբրիել Սարգսյանն իր փայլուն անհատական արդյունքներով և Հայաստանի հավաքականի կազմում ունեցած կարևոր դերակատարությամբ դարձել է հայկական շախմատի միջազգային հաջողությունների առանցքային դեմքերից մեկը։