Գարեգին Երկրորդ Կաթողիկոսն ընդունել է Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Անտոնիին

04 Սեպտեմբերի 2026, 20:15

Քաղաքականություն

Սեպտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահ, Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Անտոնիի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման սկզբում միտրոպոլիտ Անտոնին Նորին Սրբությանը փոխանցել է Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքները՝ վերահաստատելով Ռուս Ուղղափառ Եկեղեցու զորակցությունը Հայ Առաքելական Եկեղեցուն։

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարևոր դերակատարությունը հայ ժողովրդի կյանքում՝ անընդունելի համարելով աշխարհիկ իշխանությունների որևէ միջամտություն Եկեղեցու ներքին կյանքին։

Վեհափառ Հայրապետը իր երախտագիտությունն է հայտնել Կիրիլ Պատրիարքին՝ Հայոց Եկեղեցու և Հայոց Հայրապետի նկատմամբ մշտապես դրսևորվող ջերմ վերաբերմունքի և զորակցության համար։ Նա գոհունակությամբ անդրադարձել է Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջև ձևավորված հարաբերություններին ու համագործակցությանը՝ մաղթելով, որ երկու Եկեղեցիների եղբայրությունը շարունակի ամրապնդվել և նպաստի հայ և ռուս ժողովուրդների միջև դարավոր կապերի զորացմանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Եկեղեցիների նկատմամբ տեղի ունեցող բռնաճնշումներին և հետապնդումներին։ Ընդգծվել է, որ Աստծո ողորմությամբ, հոգևորականների նախանձախնդիր ծառայությամբ և հավատացյալ ժողովրդի ամուր հավատով հնարավոր կլինի հաղթահարել առկա փորձություններն ու դժվարությունները։

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր եղբայրական ողջույններն է փոխանցել Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին՝ մաղթելով քաջառողջություն, գահակալության երկար և արդյունավոր տարիներ՝ ի պայծառություն Ռուս Ուղղափառ Եկեղեցու և ի բարօրություն նրա հավատավոր հոտի։