Եթե անտարբեր լինենք, հայ համայնքի դեմ հարձակումներն ավելի կշատանան․ Ադրին Նազարյան

04 Սեպտեմբերի 2026, 21:30

Կարծիք | Քաղաքականություն

Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի միակ հայ ներկայացուցիչ Ադրին Նազարյանն Alpha News-ի տաղավարում անդրադարձել է ԱՄՆ «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնների (CMS) ղեկավար Մեհմեթ Օզի՝ հայ համայնքի և տեղի բիզնեսների հասցեին հնչեցրած մեղադրանքներին։

Նրա խոսքով՝ նման խնդիրները հաճախ անտեսվում են, քանի որ համայնքի ներկայացուցիչները զբաղված են լինում, սակայն այդ անտարբերությունը կարող է հանգեցնել նոր հարձակումների։

«Շատ անգամ մեր հայրենակիցները զբաղված են լինում, և այսպիսի խնդիրներն ուշադրությունից դուրս են մնում։ Եթե թույլ տանք, որ նման բաներ տեղի ունենան, տարիների ընթացքում մեր համայնքի դեմ հարձակումներն ավելի կշատանան»,- նշել է նա։

Նազարյանը պատմել է նաև Մեհմեթ Օզի՝ Լոս Անջելես կատարած այցի մասին։ Նրա խոսքով՝ Օզը կանգնել է հայերեն և ռուսերեն ցուցանակներով խանութների մոտ ու հայտարարել, թե իբր այդտեղ առողջապահական զեղծարարություններ են իրականացվում։

«Դրանով ընդհանուր բիզնես ակտիվությունը նվազեց։ Հայկական ընկերությունները ահազանգել են, որ ավելի քան 30 տոկոսի վնաս են կրել»,– ասել է Նազարյանը։

Անդրադառնալով դաշնային իշխանությունների դեմ հնարավոր դատական գործընթացներին՝ Նազարյանը նշել է, որ քաղաքային իշխանությունը չի կարող ինքնուրույն դատի տալ դաշնային կառավարությանը, սակայն պատրաստ է աջակցել այն անհատներին և բիզնեսներին, որոնք կորոշեն իրավական ճանապարհով պաշտպանել իրենց իրավունքները։

«Եթե կան անհատներ կամ բիզնեսմեններ, որոնք պատրաստվում են դատական հայց ներկայացնել դաշնային իշխանության դեմ, մենք կարող ենք աջակցել, միանալ նրանց և դատական գործընթացի ընթացքում ուժեղացնել նրանց ձայնը»,- ընդգծել է Ադրին Նազարյանը։

Հիմա եթերում