Հայաստանի հետագա արտաքին քաղաքական կուրսի հարցը բաց է մնում․ Նիկոլայ Սիլաև

04 Սեպտեմբերի 2026, 22:30

Կարծիք | Քաղաքականություն

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է ՌԴ նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպման արդյունքները։

Նա գնահատել է Մոսկվայի և Երևանի դիրքորոշումները Հայաստանի հետագա արտաքին քաղաքական կուրսի վերաբերյալ, անդրադարձել Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության հեռանկարներին, ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավոր դուրսբերմանը, Հարավային Կովկասում Ռուսաստանի ապագա ազդեցությանը, ինչպես նաև Երևանի և Բաքվի հակառուսական քաղաքականության պատճառներին։

«Կողմերի դիրքորոշումները չեն փոխվել․ Պուտինը կրկին ասաց, որ անհրաժեշտ է հանրաքվե, և Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի միջև։ Փաշինյանը պատասխանեց, որ հանրաքվեի անհրաժեշտություն չկա։ Հետաքրքիր մանրուք կա՝ վեճը վերաբերում է խորհրդարանի ընդունած օրենքին․ Փաշինյանը կարծում է, որ այդ օրենքը փոխարինում է հանրաքվեին։ Մի կողմից՝ սա հին դիրքորոշում է, մյուս կողմից՝ ակնարկ է, որ օրենքը կարելի է չեղարկել, և դա ավելի հեշտ է անել, քան հանրաքվե անցկացնել»,- նշել է Սիլաևը։

Փորձագետի խոսքով՝ չնայած Փաշինյանի հայտարարություններին՝ դեկտեմբերին Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին մասնակցության հարցը կարող է ավելի կոշտ ձևակերպմամբ դրվել օրակարգում։

«Դեկտեմբերին, այսպես թե այնպես, ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ քննարկվելու է Հայաստանի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողությունը կասեցնելու հարցը։

Համոզված եմ՝ իրավական ձևակերպում կգտնեն, իսկ եթե չգտնեն, չորս երկրների քաղաքական որոշումը բավարար կլինի։ Եվրամիությունը, որը Հայաստանին խոստանում է որոշակի փոխհատուցում՝ արտահանման հնարավոր կորուստները լրացնելու համար, միաժամանակ պահանջում է, որ Հայաստանը բացի իր շուկան եվրոպական ապրանքների առջև։ Այսինքն՝ ըստ էության, դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից»,- ասել է Սիլաևը։