Ուիտկոֆն ու Քուշները Կիևում կօգտագործեն Պուտինի գնահատականները. Ուշակով
06 Սեպտեմբերի 2026, 09:12
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը և Ջարեդ Քուշները Կիևում կայանալիք իրենց շփումների ընթացքում կօգտագործեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գնահատականներն ու մոտեցումները՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նրա խոսքով՝ Պուտինի և ամերիկացի ներկայացուցիչների հանդիպումը տևել է 3 ժամ 10 րոպե և անցել բովանդակալից, կառուցողական ու վստահության մթնոլորտում։ Կողմերը քննարկել են հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման հնարավոր ուղիները, իսկ Պուտինը հաստատել է ԱՄՆ-ի հետ այդ ուղղությամբ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը։
Ուշակովը նշել է, որ Ուիտկոֆն ու Քուշները լրջորեն էին պատրաստվել այցին և ներկայացրել իրենց նկատառումները։ Բացի Ուկրաինայի հարցից, քննարկվել են նաև ռուս-ամերիկյան հնարավոր խոշոր նախագծերը։
Ուիտկոֆի և Քուշների այցը Ռուսաստան նրանց ութերորդն է։