Պահանջում ենք ԴԱՀԿ-ի տույժերի և տուգանքների մեկանգամյա համաներում․ բողքի ակցիա՝ ԱԺ-ի դիմաց
09 Սեպտեմբերի 2026, 13:39
ՀՀ Ազգային ժողովի շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հայտնված մի շարք քաղաքացիներ ՝ պահանջելով արդար ֆինանսական քաղաքականություն բոլորի համար։
Նրանք ձեռքերում պահում են «ԴԱՀԿ-ի տույժերի և տուգանքների մեկանգամյա համաներում», «Միացի՛ր», «Սա մեր վերջին հույսն է» և այլ գրվածքներով պաստառներ։
«Մենք այսօր կարևոր փաստաթղթով ենք եկել։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին ենք դիմել բանկերի և վարկային կազմակերպությունների, ԴԱՀԿ-ի տույժերի և տուգանքների մեկանգամյա համաներման հետ կապված։ Պաշտոնական գրությամբ ստացել ենք իրենց ողջույնի խոսքն ու աջակցությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հանուն ժողովրդավար պետականության» կուսակցության առաջնորդ, քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Արսեն Սարգսյանը։
Ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի պետությունը հայտարարի ամբողջական համաներում՝ ամբողջությամբ զրոյացնելով կուտակված բոլոր տույժերն ու կատարողական ծախսերը, քանի որ շատ քաղաքացիների բանկային հաշիվներն ու քարտերն արգելափակված են, ինչը դժվարացնում է նրանց կյանքը։
Խոսքը պարեկային ծառայության, ինչպես նաև «կարմիր գծերի» չվճարման տուգանքների ու ԴԱՀԿ-ի կողմից ավելացվող լրացուցիչ տույժերի, բանկային ու վարկային տոկոսների և տույժերի մասին է։