Մուսա լեռան հերոսամարտի տարեգիրը. Ֆրանց Վերֆել
10 Սեպտեմբերի 2026, 22:00
Ավստրիացի գրող և հումանիստ Ֆրանց Վերֆելը ծնվել է 1890 թ. սեպտեմբերի 10-ին, Ավստրո-հունգարական կայսրությանը պատկանող Բոհեմյա նահանգի Պրահա քաղաքում։
Նա մեծացել է ունևոր հրեական ընտանիքում․ նրա հայրը ձեռնոցների գործարանի սեփականատեր էր, սակայն Պատանի Ֆրանցը վաղ տարիքից հետաքրքրված էր գրականությամբ և արվեստով։ Նա սովորել է Մաքս Բրոդի և Ֆրանց Կաֆկայի հետ նույն գիմնազիայում, որոնք հետագայում դարձել են նրա մտերիմ ընկերներն ու գաղափարակիցները։ 1909-1910 թվականներին Վերֆելը սովորել է Պրահայի համալսարանում, սակայն ակադեմիական կարիերան նրան չէր գրավում․ նա նախընտրում էր բանաստեղծություններ գրել և մասնակցել երիտասարդ մտավորականների գրական քննարկումներին։
1911-1912 թվականներին Վերֆելն անցել է զինվորական ծառայության, և այդ փորձառությունն ավելի է ամրապնդել նրա խաղաղասիրական հայացքները։ Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո նա հանդես է եկել միլիտարիզմի դեմ՝ հրապարակելով հակապատերազմական բանաստեղծություններ։ Նա ծառայել է հրետանային գնդում՝ ռուսական ռազմաճակատում։ Պատերազմական փորձը հետագայում կարևոր ազդեցություն է ունեցել նրա ստեղծագործության վրա, որտեղ արտացոլվել են հումանիզմի, հոգևոր որոնումների և բռնության մերժման գաղափարները։
1920-ական թվականներին Վերֆելը մեծ ճանաչում է ձեռք բերել որպես էքսպրեսիոնիստական բանաստեղծությունների, դրամաների և վեպերի հեղինակ։ 1929 թվականին նա ամուսնացել է Ալմա Մալերի՝ կոմպոզիտոր Գուստավ Մալերի այրու հետ, ինչի շնորհիվ սերտ կապեր է հաստատել Վիեննայի մշակութային վերնախավի հետ։
Վերֆելի ստեղծագործական կյանքում կարևոր նշանակություն է ունեցել նրա ուղևորությունը Մերձավոր Արևելք։ 1930 թվականին Դամասկոսում գտնվելու ընթացքում նա տեսել է Հայոց ցեղասպանությունը վերապրած հայ երեխաների և տեղեկացել Մուսա լեռան մոտ գտնվող հայկական գյուղերի բնակիչների հերոսական ինքնապաշտպանության մասին։
Հայ ժողովրդի տոկունության և դիմադրության պատմությունը խորապես ցնցել են գրողին։ 1933 թվականին նա հրատարակել է «Մուսա լեռան քառասուն օրը» պատմավեպը, որտեղ գեղարվեստականորեն վերականգնել է հայ ժողովրդի ողբերգությունն ու տեղահանության և բնաջնջման դեմ նրա պայքարը։
Վեպը կարճ ժամանակում միջազգային ճանաչում է ստացել և դարձել 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին առաջին հզոր գեղարվեստական վկայություններից մեկը։ Նացիստական Գերմանիայում գիրքն արգելվել է և հանվել վաճառքից։ Սակայն Գերմանիայի սահմաններից դուրս վեպը մեծ ժողովրդականություն է ձեռք բերել և միլիոնավոր ընթերցողների համար դարձել խիզախության, հիշողության և բռնապետության դեմ հոգևոր դիմադրության խորհրդանիշ։
1938 թվականին Ավստրիայի բռնակցումից հետո, Վերֆելը կնոջ հետ փախել է Ֆրանսիա, այնուհետև Իսպանիայի և Պորտուգալիայի տարածքով հասել է Միացյալ Նահանգներ, որտեղ շարունակել է իր գրական գործունեությունը։
1941 թվականին նա հրատարակել է «Բերնադետի երգը» վեպը՝ նվիրված ֆրանսիացի կաթոլիկ սրբուհի Բեռնադետ Սուբիրուին։ Գիրքը մեծ հաջողություն է ունեցել, իսկ հետագայում Հոլիվուդում վեպի հիման վրա ֆիլմ է նկարահանվել։
Վերֆելը գրել է գերմաներեն, սակայն նրա ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով։ Նրա ստեղծագործություններում կարևոր տեղ են զբաղեցրել հավատը, մարդկային արժանապատվությունը, ինքնությունը, պատմական հիշողությունն ու հույսը։
Ֆրանց Վերֆելը մահացել է 1945 թվականի օգոստոսի 26-ին ԱՄՆ-ի Բևեռլի Հիլզ քաղաքում։ Հետագայում նրա աճյունը վերահուղարկավորվել է Վիեննայի Կենտրոնական գերեզմանատանը։
Վերֆելի գրական ժառանգությունը շարունակում է մնալ մի ամբողջ դարաշրջանի կարևոր վկայություն՝ պահպանելով պատմական հիշողությունն ու մարդկային արժեքները։