«Killer Queen»՝ համաշխարհային ռինգի թագուհին․ Սյուզի Կենտիկյանի հաջողության պատմությունը

11 Սեպտեմբերի 2026, 22:00

Հայեր

Բռնցքամարտիկ Սյուզաննա Կենտիկյանը ծնվել է 1987 թվականի սեպտեմբերի 11-ին Երևանում։ 1990-ականների սկզբին ծանր տնտեսական ճգնաժամի և Ղարաբաղյան հակամարտության հետևանքների պատճառով նրա ընտանիքը լքել է Հայաստանը։ Մի քանի տարի տարբեր վայրերում բնակվելուց հետո՝ 1996 թվականին, փախստականի կարգավիճակով ընտանիքը հաստատվել է Համբուրգում։ Սյուզաննան Գերմանիայի քաղաքացիություն է ստացել միայն 2008 թվականին՝ արդեն համաշխարհային ճանաչում ձեռք բերելուց հետո։

12 տարեկանում նա առաջին անգամ մտել է մարզասրահ, իսկ 2005 թվականին սկսել է պրոֆեսիոնալ կարիերան։ Ագրեսիվ ճնշումը, բացառիկ արագությունն ու մոտ տարածության վրա հարվածների շարքերով աշխատելու ոճը դարձել են նրա այցեքարտը։ Իր մարտաոճի համար նա ստացել է «Killer Queen» մականունը և ռինգ է դուրս եկել Queen խմբի համանուն հիթի հնչյունների ներքո։ Իր 154 սմ հասակը նա փայլուն կերպով լրացնում էր ուժով և տեխնիկայով։

2007 թվականին Կենտիկյանը նվաճել է WBA և WIBF վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսները, իսկ 2009 թվականին դրանց ավելացրել է նաև WBO-ի չեմպիոնական գոտին։ 2013 և 2015 թվականներին նա կրկին վերադարձել է չեմպիոնական բարձունք՝ նվաճելով WBA-ի և GBU-ի տիտղոսները։ 2009 թվականին WBA-ն նրան հռչակել է «սուպերչեմպիոնի» կարգավիճակ ստացած առաջին կին բռնցքամարտիկ, իսկ հատուկ պատրաստված չեմպիոնական գոտին անվանվել է «Susi Kentikian belt»։

Մինչև 2012 թվականը նա անպարտելի էր՝ անընդմեջ հաղթելով 30 մենամարտում, որոնցից 16-ն ավարտել են նոկաուտով։ 2022 թվականին նրա անունը հավերժացվել է Կանանց բռնցքամարտի միջազգային փառքի սրահում։ Կենտիկյանը Գերմանիայում դարձել է չափազանց հայտնի մարզուհի․ նրա մենամարտերը ProSieben և ZDF հեռուստաալիքներով դիտում էին միլիոնավոր հեռուստադիտողներ։

Այսօր նա ավարտել է պրոֆեսիոնալ կարիերան՝ համաշխարհային բռնցքամարտում թողնելով իր վառ հետքը և ապացուցելով, որ համառությունն ու ուժեղ բնավորությունը կարող են մարդուն հասցնել ամենաբարձր գագաթին՝ անգամ կյանքի ամենադժվար պայմաններում։