Գազի մատակարարումը Ադրբեջանից էներգետիկ կախվածության վտանգ է ստեղծում․ Գրիգոր Բալասանյան
11 Սեպտեմբերի 2026, 23:00
Էներգետիկ ոլորտում արհեստականորեն ձևավորվող օրակարգը կարող է ծանր հետևանքներ ունենալ Հայաստանի համար։ Այս մասին Alpha News-ի տաղավարում ասել է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանն՝ անդրադառնալով Հայաստանում գազի հնարավոր թանկացմանն ու իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանը։
Նրա խոսքով՝ Մոսկվա կատարելիք այցից առաջ գազի հնարավոր թանկացման մասին հայտարարություններ անելը քաղաքականապես անգրագետ քայլ է և ՀՀ վարչապետին անհարմար վիճակի մեջ է դնելու։
Խոսելով գազամատակարարման այլընտրանքների մասին՝ փորձագետն ընդգծել է, որ դրանք իրատեսական չեն։
«Հայաստանը գազ է ստանում Մոզդոկ-Երևան գազատարով։ Երկրորդ՝ Իրանից եկող գազատարը նույնպես գտնվում է ռուսական ակտիվների տիրույթում, այսինքն՝ Հայաստանի սեփականությունը չէ։ Իսկ երրորդ գազատարի կառուցումը, հաշվի առնելով բարդ ռելիեֆը, կարող է տևել տարիներ, անգամ՝ տասնամյակներ»,- նշել է նա։
Փորձագետի փոխանցմամբ՝ եթե Հայաստանն իր էներգամատակարարումը ստանա Ադրբեջանից, դա ավելի հեռուն գնացող նպատակ է հետապնդելու․ ըստ էության, կրկնվելու է Արցախի սցենարը, այսինքն՝ Հայաստանի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից ամբողջությամբ փոխանցվելու է Ադրբեջանին։
«Ստեղծված իրավիճակում Ադրբեջանը ստանում է էներգետիկ լծակներ, որոնք կարող է ցանկացած պահի կիրառել Հայաստանի դեմ։ Բաքուն հնարավորություն է ստանում իր հայեցողությամբ կարգավորել էներգամատակարարումն՝ ըստ անհրաժեշտության անջատելով կամ միացնելով այն։ Եթե մեր հասարակությունը հանդուրժողաբար է մոտենում այս գործընթացներին, նշանակում է՝ պատրաստ է վճարել այդ գինը, ինչը չափազանց բարձր է երկրի անվտանգության համար»,- ընդգծել է Բալասանյանը։