Բրիտանիայի տարածաշրջանները պատրաստվում են համատեղ հռչակագրով պահանջել ինքնորոշման իրավունք
13 Սեպտեմբերի 2026, 19:00
Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի առաջին նախարարները մտադիր են ստորագրել համատեղ հռչակագիր՝ Լոնդոնից պահանջելով իրենց տարածաշրջաններում անկախության հանրաքվեներ անցկացնելու իրավունք։ Ինչպես հաղորդում է բրիտանական The Telegraph թերթը, հանդիպումը տեղի կունենա երկուշաբթի՝ սեպտեմբերի 14-ին, Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում։
Հռչակագրից բացի՝ կողմերը կստորագրեն նաև համագործակցության հուշագիր, որը կընդգրկի տնտեսության, էներգետիկայի, Եվրոպայի հետ հարաբերությունների, միջազգային համագործակցության և ինքնորոշման հարցերը։ Փաստաթղթում կարձանագրվի Շոտլանդիայի և Ուելսի՝ Եվրամիությանն իբրև նոր անդամներ միանալու ձգտումը, իսկ Հյուսիսային Իռլանդիայի դեպքում՝ Իռլանդիայի Հանրապետությանը միանալու ցանկությունը։
Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ հանդիպման նպատակն է ճնշում գործադրել Միացյալ Թագավորության վարչապետ Էնդի Բերնհեմի վրա։ Վերջինս ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է աջակցել Շոտլանդիայի անկախության հանրաքվեի անցկացմանը, եթե դրա օգտին առկա լինի հասարակական լայն աջակցություն։ Փաստաթղների ստորագրումից հետո երեք տարածաշրջանների առաջին նախարարները համատեղ մամուլի ասուլիս կանցկացնեն։
ԶԼՄ-ների տվյալներով՝ հանդիպումն աննախադեպ բնույթ է կրում և արտացոլում է Միացյալ Թագավորության կենտրոնական իշխանությունների նկատմամբ աճող ճնշումը։ Մայիսին անցկացված տարածաշրջանային ընտրություններից հետո երեք ինքնավար տարածաշրջաններում էլ իշխանության են եկել անկախությանը կողմ հանդես եկող կուսակցություններ։
Շոտլանդիայի խորհրդարանն արդեն աջակցել է հանրաքվե անցկացնելու գաղափարին։ Հյուսիսային Իռլանդիայի առաջին նախարար Միշել Օ’Նիլը հայտարարել է, որ անհրաժեշտ է տարածաշրջանի անջատումը Միացյալ Թագավորությունից, իսկ Ուելսի կառավարության նոր ղեկավար Ռին ապ Իորվերտը՝ Plaid Cymru կուսակցությունից, նույնպես Լոնդոնի հետ բանակցություններում բարձրացրել է անկախության հարցը։