«Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան». Մատենադարանի տնօրենը՝ Մագդալենա Գրոնոյին
14 Սեպտեմբերի 2026, 18:21
Սեպտեմբերի 14-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ուղեկցությամբ Մատենադարան է այցելել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։
Այցի ընթացքում հյուրը ծանոթացել է Մատենադարանի ձեռագրական հարուստ ժառանգությանը` մասնավորաբար Գանձասարում գրչագրված և պահպանված ձեռագրերի բնօրինակներին ու կրկնօրինակներին, դրանց ստեղծման ու պահպանության պատմությանը, ինչպես նաև ուսումնասիրման, վերականգնման և հանրայնացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։
Ներկայացվել են նաև այն ձեռագրերի կրկնօրինակները, որոնք ցուցադրվել են Գանձասարի Մատենադարանում։ Ընդգծվել է, որ այնտեղ երբևէ բնօրինակ ձեռագրեր չեն ցուցադրվել, իսկ ցուցադրության համար պատրաստված կրկնօրինակները հնարավորություն են տվել հանրությանը ծանոթանալու ձեռագրական ժառանգությանը՝ միաժամանակ ապահովելով բնօրինակների անվտանգ պահպանությունը։
Հանդիպման ավարտին Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, անդրադառնալով ձեռագրական ժառանգության պահպանության բազմադարյա պատմությանը, ընդգծել է, որ հազարամյակներով ստեղծածը պահպանելու կարողությունը վկայում է այդ ժառանգության նկատմամբ տիրոջ պատասխանատվության և շարունակական հոգածության մասին։
«Միայն տերը կարող է հազարամյակներով պահպանել իր ստեղծածը»,– շեշտել է Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը։