Ձեր իրավական հիմքը Ալիևի հայտարարություններն են․ Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին

16 Սեպտեմբերի 2026, 20:32

Քաղաքականություն

Ես Քյարքին անվանել եմ Քյարքի, որովհետև եթե Քյարքի չլիներ՝ չէի անվանի։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին, թե ի՞նչ իրավական հիմքով է «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքով Հայաստանի տարածք համարվող Տիգրանաշենն անվանվել ադրբեջանական անունով։

«Իրավական հիմքը նույնն է՝ Ալմա-Աթայի հռչակագիրը, Խորհրդային Միությունը և Խորհրդային Միության փլուզման պահին հանրապետությունների տարածքներն արտահայտող, ԽՍՀՄ վերջին դե յուրե իրավական նշանակություն ունեցող քարտեզները»,- նշել է վարչապետը։

Քրիստինե Վարդանյանի պնդմամբ՝ իշխանությունները չունեն որևէ իրավական հիմնավորում, ինչի ապացույցն է նաև վարչապետի աշխատակազմին ուղարկված գրավոր հարցման պատասխանի ձգձգումը։

«Այս հարցը տվել եմ մեր քաղաքացիներին ցույց տալու համար, որ դուք իրավական հիմք չունեք։ Ձեր իրավական հիմքը Ալիևի հայտարարություններն են։ Եթե Ադրբեջանը վաղը պահանջի հայկական բանակը լուծարել, դուք դրա իրավական հիմքերն էլ եք փնտրելու ու գտնելու»,- ընդգծել է պատգամավորը։