2024 թվականին Պենտագոնը կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումը
23 Սեպտեմբերի 2026, 11:15
ԱՄՆ-ն 2024 ֆինանսական տարում կտրուկ ավելացրել է Հայաստանին տրամադրվող ռազմական ֆինանսավորումը։ 2002 թվականից ի վեր ընդհանուր առմամբ Հայաստանին հատկացվել է ավելի քան 60 մլն դոլար։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ԱՄՆ կառավարության տվյալները։
Անցած շաբաթ Պենտագոնի ղեկավարի տեղակալ Էնդրյու Լումիսը հայտարարել էր, որ Վաշինգտոնը մտադիր է օգտագործել իր ծրագրերի ողջ ներուժը՝ աջակցելու Հայաստանի զինված ուժերի բարեփոխումներին։
ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Հայաստանին Foreign Military Financing (FMF) ծրագրի շրջանակում սկսվել է դեռևս 2002 թվականին։ ԱՄՆ կառավարության տվյալների համաձայն՝ մինչև 2024 ֆինանսական տարին Հայաստանի համար ամերիկյան ռազմական ֆինանսավորման ընդհանուր ծավալը գերազանցել է 60 մլն դոլարը։
Պենտագոնի վիճակագրության համաձայն՝ ֆինանսավորման ծավալը հատկապես զգալիորեն աճել է 2024 ֆինանսական տարում։ Այդ ժամանակ ԱՄՆ-ն Հայաստանին հատկացրել է ավելի քան 8,1 մլն դոլար։ 2023 թվականին այդ գումարը կազմել է շուրջ 16 հազար դոլար, իսկ 2022 թվականին՝ մոտ 1,3 մլն դոլար։ 2025 թվականի տվյալները դեռևս հրապարակված չեն։