ՀՀ-ԵՄ մերձեցումը կարող է վատթարացնել հայ-ռուսական հարաբերությունները․ Ալեքսանդր Կռիլով
29 Սեպտեմբերի 2026, 21:30
Ե. Մ. Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի (ԻՄԵՄՕ) գլխավոր գիտաշխատող Ալեքսանդր Կռիլովը Alpha News-ին մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա հանդիպումը։
Փորձագետի խոսքով՝ եվրոպական երկրներ Փաշինյանի այցերից հետո Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացման վերաբերյալ նրա դիրքորոշումը կարող է ավելի հստակ դառնալ։
«Եթե եվրոպացի գործընկերները նրան խորհուրդ են տվել չշտապել և, այնուամենայնիվ, կտրուկ չխզել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ապա կարելի է ակնկալել, որ կլուծվեն գազի գնի, Հայաստանի՝ Եվրասիական միությունում հետագա մնալու հարցերը, և, հնարավոր է, որոշ միջոցառումներ չեղարկվեն ռուսական բիզնեսի նկատմամբ», — ասել է Կռիլովը։
Ըստ նրա՝ այնուամենայնիվ, եթե Երևանը եվրոպացի գործընկերներից ազդանշան ստանա, որ անհրաժեշտ է շարունակել Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու քաղաքականությունը, դա կարող է հանգեցնել ռուս-հայկական հարաբերությունների էական վատթարացման։
«Եթե եվրոպացի գործընկերները որոշել են, որ եկել է ժամանակը՝ բոլոր հնարավոր միջոցներով Ռուսաստանին դուրս մղելու Հարավային Կովկասի տարածաշրջանից, ապա Նիկոլ Փաշինյանը կցուցաբերի վճռականություն, և մենք կարող ենք ակնկալել, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները կարող են բավական կտրուկ վատթարանալ՝ ընդհուպ մինչև ռուսական ռազմակայանի դուրսբերում, գազի գների վերանայում, ՀԱՊԿ-ից դուրս գալ, Եվրասիական միությունից վերջնականապես դուրս գալ, ինչպես նաև միանալ Ռուսաստանի դեմ Եվրամիության կողմից ընդունված շրջափակման և պատժամիջոցների քաղաքականությանը։
Նման սցենարը նույնպես լիովին հնարավոր է, սակայն ամեն ինչ կախված է նրանից, թե, ի վերջո, ինչի շուրջ են պայմանավորվել Նիկոլ Փաշինյանն ու նրա եվրոպացի գործընկերները», — հավելել է Կռիլովը։