Սա տնտեսական դիվերսիա է պետության դեմ. Ագնեսա Խամոյանը դիմում է Դատախազություն

06 Հոկտեմբերի 2026, 17:24

Հայեր

ԱԺ հերթական նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հայտարարեց, որ ներկայումս ՀՀ-ում, հարկեր թաքցնելու հիմնավորմամբ, ապօրինի կապարակնքված է շուրջ 60 ընկերություն։

Նա նշեց, որ Քննչական կոմիտեի և ՊԵԿ-ի գործողությունների հետևանքով պետբյուջեն մեծ վնասներ է կրում՝ որպես օրինակ բերելով դրանցից ընդամենը երեքը.

«Ես ընդամենը 3 ընկերության համար պաշտոնական հարցում եմ ուղարկել Պետական եկամուտների կոմիտե և ստացել պատասխան, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ ընդամենը 1 ամսվա ընթացքում, միայն այդ 3 ընկերությունը պետական բյուջե է վճարել 100 միլիոն դրամից ավելի հարկ»։

Պատգամավորի խոսքով՝ իրավիճակն ավելի է բարդանում, քանի որ իրավապահները հրաժարվում են կատարել բիզնեսների կապարակնքման ապօրինությունը փաստող՝ դատարանների օրինական ուժի մեջ մտած վճիռները։

Ամփոփելով ելույթը՝ Խամոյանը կատարվածը որակեց որպես տնտեսական դիվերսիա և հայտնեց հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու մտադրության մասին.

«Բիզնեսի դռները փակելը, աշխատողներին առանց աշխատավարձի թողնելը, հարկային մուտքերը սառեցնելը ոչ թե պետական պաշտպանություն է, ինչպես փորձում եք հիմնավորել Դուք կամ Նիկոլ Փաշինյանը, այլ պարզապես տնտեսական դիվերսիա՝ հենց պետական բյուջեի դեմ։ Հաղորդումը ելույթից անմիջապես հետո կուղարկվի Դատախազություն»։