Ով հավատում է Բրյուսելին՝ կորցնում է, իսկ ով լսում է սեփական ժողովրդին՝ տնտեսապես շահում է․ Պապուաշվիլի
07 Հոկտեմբերի 2026, 12:45
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին մեկնաբանել է Եվրահանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունը, թե Մոլդովան տպավորիչ տեմպերով շարժվում է դեպի ԵՄ անդամակցություն։
«Միակ բանը, որում Մոլդովան կարող է տպավորիչ առաջընթաց գրանցել, Բրյուսելի գեղեցիկ գովեստներն են։ Բայց որքան շատ է Բրյուսելը գովում, այնքան ավելի է վնասում՝ իր պարտադրված հրահանգներով»,- ասել է Պապուաշվիլին։
Նա նաև վիճակագրական տվյալներ է ներկայացրել՝ նշելով, որ 2021 թվականին Մոլդովայի տնտեսությունն աճել է 14%-ով, իսկ այժմ տարեկան աճը կազմում է ընդամենը 0-2%։
Վրաստանում, նրա խոսքով, այս տարիների ընթացքում տնտեսությունն աճել է միջինը 9%-ով։
Ըստ Պապուաշվիլիի՝ Մոլդովայում բնակչության 31%-ն ապրում է աղքատության շեմից ցածր մակարդակում, մինչդեռ Վրաստանում այդ ցուցանիշը նվազել է մինչև 7%։
«Միակ բանը, որով Մոլդովան իսկապես առաջ է մեզանից, Բրյուսելից հնչող գեղեցիկ խոսքերն են։ Բայց նման խոսքերը մեր երկրին հաստատ պետք չեն»,- նշել է նա։