Վիճաբանություն Հրազդանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց

07 Հոկտեմբերի 2026, 15:30

Հասարակություն

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 5-ին վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ դանակահարված վիճակում քաղաքացի է տեղափոխվել «Հրազդան» բժշկական կենտրոն։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անի Դանիելյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Հրազդանի ոստիկանները՝ բաժնի պետ Ա. Դանիելյանի գլխավորությամբ, պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա Արտակ Աղասարյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «որովայնի և ձախ նախաբազկի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ։

Հրազդանի համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ նա վնասվածքները ստացել է Հրազդան քաղաքի Բաղրամյան 5-րդ փողոցի 4/1 հասցեում գործող «Դուետ» սրճարանում, վիճաբանության ժամանակ։

Արդյունքում պարզվում է, որ նույն օրը՝ ժամը 13:50-ի սահմաններում «Դուետ» սրճարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել Ա․ Աղասարյանի, նրա եղբայր՝ Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Արշակ Աղասարյանի, մյուս կողմից Կոտայքի մարզի բնակիչներ 60-ամյա Վարդան Ղազարյանի և 30-ամյա Գոռ Ղազարյանի միջև, ու վիճաբանության ժամանակ, ըստ օպերատիվ տեղեկությունների, Գ. Ղազարյանն իր մոտ եղած դանակով հարվածել է Ա․ Աղասարյանին։

Գագի Շամշյանը տեղեկացնում է, որ համայնքային և քրեական ոստիկանները բացատրական աշխատանքներ են իրականացնում, որի արդյունքում Գ․ Ղազարյանը ներկայանում է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղ էլ դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվում և այն նրա հետ ներկայացվում է ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ shamshyan.com կայքում։