Թրամփը փոխում է Ուկրաինայի հարցում իր մոտեցումը և ուժեղացնում ճնշումը Կիևի վրա․ Դմիտրի Սուսլով
12 Հոկտեմբերի 2026, 22:30
Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի Համաշխարհային տնտեսության և միջազգային քաղաքականության ֆակուլտետի եվրոպական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Դմիտրի Սուսլովը Alpha News-ին մեկնաբանել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիզելային վառելիքի մատակարարումների շուրջ ձեռք բերված պայմանավորվածության հետևանքները, ինչպես նաև Ռուսաստանի և Արևմուտքի միջև հակամարտության հետագա սրման հեռանկարները։
«Թեև Դոնալդ Թրամփի նախաձեռնության գլխավոր նպատակը միջանկյալ ընտրություններից առաջ ամերիկացի ընտրողներին ցույց տալն է, որ ինքը պատրաստ է ամեն ինչ անել դիզելային վառելիքի գները նվազեցնելու, գնաճը զսպելու և կենսամակարդակը բարձրացնելու համար, այդ պայմանավորվածությունը կարևոր քաղաքական հետևանքներ կունենա։
Նախ՝ ԱՄՆ-ը փաստացի փոխել է Ուկրաինայի շուրջ հակամարտության նկատմամբ իր մոտեցումը։ Նախկինում Վաշինգտոնը պնդում էր, որ Ռուսաստանի հետ գործնական համագործակցությունը հնարավոր է միայն հրադադարի հաստատումից հետո։ Այժմ, շրջանցելով այդ նախապայմանը, կողմերն անցել են անմիջական համագործակցության՝ վերացնելով պատժամիջոցները և ռուսական դիզելային վառելիք մատակարարելով ԱՄՆ-ին։
Երկրորդ՝ Թրամփի այս որոշումը լիովին զրոյացնում է Կիևի և եվրոպական «պատերազմի կուսակցության»՝ հաղթանակի հասնելու տեսությունը։ Այն հիմնված էր այն հաշվարկի վրա, որ ԱՄՆ վարչակազմը միայն կուժեղացնի Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցային ճնշումը և ձմռան դժվարին ժամանակահատվածից առաջ կընդլայնի Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը»,- նշել է փորձագետը։
Սուսլովի խոսքով՝ եթե նախկինում Թրամփի վարչակազմը ճնշում էր գործադրում Ռուսաստանի վրա և աջակցում նրա տարածքի ուղղությամբ հարվածներին, ապա այժմ ճնշում է գործադրում Ուկրաինայի վրա՝ ստիպելով նրան գնալ զիջումների։
«Ուկրաինային աջակցությունն ավելացնելու փոխարեն՝ Թրամփի վարչակազմը հայտարարում է, որ պատրաստ է կրկին կասեցնել Կիևին ամերիկյան հետախուզական տվյալների փոխանցումը և դադարեցնել սպառազինության վաճառքը՝ ՆԱՏՕ-ի PURL ծրագրի շրջանակում, եթե Ուկրաինան շարունակի հարվածներ հասցնել Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին։
Թրամփի վարչակազմը կրկին փոխում է ուկրաինական հակամարտության նկատմամբ իր մոտեցման սկզբունքները և դարձյալ ճնշման հիմնական ուղղությունը տեղափոխում Կիևի վրա։ Եթե այս տարվա առաջին կեսին Թրամփի վարչակազմը հիմնականում ճնշում էր գործադրում Ռուսաստանի վրա և աջակցում ռուսական տարածքի խորքերին հասցվող հեռահար հարվածների արշավին՝ Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելու և նրանից որոշակի զիջումներ կորզելու նպատակով, ապա այժմ Վաշինգտոնն, ակնհայտորեն, համոզվել է, որ այդ մոտեցումը հակաարդյունավետ է։ Հետևաբար, ճնշում է գործադրում Ուկրաինայի վրա՝ ստիպելով նրան միակողմանի զիջումների գնալ», — ասել է Սուսլովը։
Փորձագետի կարծիքով՝ Ռուսաստանի հետ ուղիղ ռազմական բախման եզրին հայտնվելն ու իրավիճակի սրումը եվրոպացիների՝ Ուկրաինան փրկելու ևս մեկ փորձն են։
«Երրորդ համաշխարհային պատերազմի շեմին հավասարակշռվելու պայմաններում արդեն խոսք չի լինի Դոնբասի ազատագրման մասին։ Ամենայն հավանականությամբ, եթե Աստված մի արասցե՝ տեղի ունենա ուղիղ ռազմական բախում, կամ մենք հայտնվենք դրա անմիջական նախաշեմին, կողմերը պարզապես կնախընտրեն կանգ առնել այնտեղ, որտեղ այդ պահին գտնվում են։ Այդպիսով Ռուսաստանը չի իրականացնի իր հատուկ ռազմական գործողության նպատակները։
Այո՛, հենց այդ պատճառով էլ եվրոպացիներն անընդհատ սրում են իրավիճակը։ Նրանք դա անում են նաև այն պատճառով, որ ցանկանում են ԱՄՆ-ին ներքաշել այդ սրման մեջ։ Ընդհանրապես, Եվրոպայի կողմից իրավիճակի սրման գլխավոր նպատակներից մեկը Թրամփի վարչակազմին կրկին Ռուսաստանի հետ ուղղակի առճակատման մեջ ներքաշելն է, այսինքն՝ ամեն դեպքում ստիպել ԱՄՆ-ին վերադառնալ Բայդենի վարած քաղաքականությանը»,- նշել է Սուսլովը։