Փաշինյանը փորձում է հեռանալ ՌԴ-ից, սակայն Հայաստանի ժողովուրդը պետք է ընտրություն կատարի․ Վլադիմիր Շապովալով

14 Հոկտեմբերի 2026, 22:30

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ Վլադիմիր Շապովալովը Alpha News-ին մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանի հետ հարաբերություններն այլևս չեն կարող նախկինի պես շարունակվել։

Նրա կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը երկու աթոռի վրա միաժամանակ նստելու փորձի վրա հիմնված քաղաքականության շարունակությունն է։

«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը երկու աթոռի վրա միաժամանակ նստելու, Ռուսաստանի հետ գործընկերային և դաշնակցային հարաբերություններից, ինչպես նաև ԵԱՏՄ-ում գտնվելու առավելությունները պահպանելու և միևնույն ժամանակ Ռուսաստանից հեռանալու ու Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական դիրքորոշում ունեցող ԵՄ երկրների հետ մերձենալու քաղաքականության շարունակությունն է։

Միևնույն ժամանակ ցանկանում եմ ընդգծել, որ պարոն Փաշինյանի փորձը՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների փոփոխությունը կապելու այն հանգամանքի հետ, որ նախկինում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտություն կար, իսկ այժմ այն այլևս չկա, որևէ քննադատության չի դիմանում։ Այդ տրամաբանությամբ ստացվում է, որ Հայաստանի դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ անհրաժեշտ էին բացառապես Ադրբեջանին հակազդելու համար։ Իսկ հենց որ Բաքվի հետ, այսպես ասած, խաղաղ հարաբերություններ կառուցելու գործընթացը սկսվեց, Ռուսաստանի՝ որպես դաշնակցի կարիքն այլևս չկար, և այդ դաշինքը կորցրեց իր արդիականությունը։ Սա խիստ եսակենտրոն դիրքորոշում է»,- ասել է Շապովալովը։

Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը հաշվի չի առնում հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը, իսկ վարվող քաղաքականությունը սխալ է նույնիսկ ռացիոնալ վարքագծի տեսանկյունից։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանի դիրքորոշմանը, ապա այն դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի բարեկամը և դժվարին իրավիճակներում միշտ օգնության է հասել։ Վստահ եմ, որ Հայաստանի բնակիչների մեծամասնությունը դա գիտի, հիշում և գնահատում է։

Ցավոք, Երևանի պաշտոնական դիրքորոշումը հաշվի չի առնում Ռուսաստանում և Հայաստանում հայ ու ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը։ Այն ուղղված է բացառապես Ռուսաստանի հետ հարաբերություններից, ինչպես նաև արևմտյան երկրների և Եվրամիության հետ ինտեգրացիոն գործընթացների զարգացումից առավելագույն օգուտներ քաղելուն։

Այս քաղաքականությունը սխալ է նույնիսկ ռացիոնալ վարքագծի տեսանկյունից։ Ցավոք, այն ոչինչ չի տա հայ ժողովրդին, և ընտրություն կատարելու անհրաժեշտություն է առաջանալու՝ կա՛մ Ռուսաստանի հետ լինել, կա՛մ Ռուսաստանի դեմ։ Ընտրությունը հայ ժողովրդինն ու Հայաստանի պետությանն է»,- հավելել է Շապովալովը։