«Ֆրանսիան կրակի մեջ է». Թրամփն ու Վենսը՝ ներգաղթի հետևանքների մասին

18 Հոկտեմբերի 2026, 18:20

Հասարակություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Ֆրանսիայում տեղի ունեցող անկարգությունները կապել են երկրի վարած միգրացիոն քաղաքականության հետ։

«Ֆրանսիան կրակի մեջ է։ Միանգամայն այլ աշխարհից եկած մարդկանց ներգաղթը՝ մարդկանց, որոնց սրտերում ատելություն է, կործանել է երբեմնի այդքան հզոր երկիրը։ Փակե՛ք սահմանները և իրավիճակը վերցրե՛ք վերահսկողության տակ, քանի դեռ ուշ չէ»,- հայտարարել է Թրամփը։

Նրա խոսքով՝ Ֆրանսիան «կրակի մեջ է» ներգաղթյալների պատճառով, որոնք «ատելություն են կրում իրենց սրտերում»։ Թրամփը կոչ է արել երկրի իշխանություններին փակել սահմանները՝ նշելով, որ «միանգամայն այլ աշխարհից մարդկանց ներգաղթը կործանել է երբեմնի մեծ Ֆրանսիան»։

Իր հերթին, Վենսը ստեղծված ճգնաժամի համար մեղադրել է արևմտյան լիբերալներին՝ նշելով, որ նրանք «բազմազանության և կարեկցանքի անվան տակ Երրորդ աշխարհի երկրներից մարդկանց են բերել Ֆրանսիա և այլ երկրներ»՝ անտեսելով ներգաղթյալների ինտեգրման և տեղական հասարակությանը հարմարվելու հարցերը։

Վենսը հույս է հայտնել, որ Ֆրանսիան կդադարեցնի այդ «խելահեղ ընթացքը», և ընդգծել, որ ամերիկացիները պետք է ուշադիր հետևեն երկրում տեղի ունեցող իրադարձություններին։